Բոսնիա և Հերցեգովինայում ընթանում են նախագահական և խորհրդարանական ընտրություններ
Բոսնիա և Հերցեգովինայում ընտրություններ են սկսվել։ Քվեարկելու իրավունք ունի 3,4 միլիոն ընտրող։
Հոկտեմբերի 4-ի ընտրություններում ընդհանուր առմամբ կընտրվի 518 պաշտոնյա։ Նրանց թվում են եռանդամ նախագահության բոսնիացի, խորվաթ և սերբ անդամները, ինչպես նաև պետական մակարդակի խորհրդարանական վեհաժողովի պատգամավորները։
Երկրի ողջ տարածքում ընտրատեղամասերը բացվել են առավոտյան ժամը 07:00-ին, իսկ քվեարկության ընթացակարգը կավարտվի երեկոյան ժամը 19:00-ին։
Ի գիտություն, այսօրվա ընտրություններն առաջին անգամ կանցկացվեն քվեարկության նոր տեխնոլոգիայով ողջ երկրի տարածքում։ Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նոր համակարգի շրջանակներում կպարզեցվեն ընտրողների նույնականացումը, քվեաթերթիկների հաշվարկը և արդյունքների հայտարարումը։
Բոսնիա և Հերցեգովինայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընտրություններին մասնակցելու իրավունք է տվել 75 քաղաքական կուսակցության, 29 կոալիցիայի և չորս անկախ թեկնածուի։ Լրատվամիջոցների տեղեկություններով՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընտրությունների նախնական արդյունքները կհրապարակի ընտրատեղամասերի փակվելուց մեկ ժամ անց՝ երեկոյան ժամը 19:00-ին։