Բորիս Ջոնսոն. Ես վախենում եմ, որ Պուտինը գոհ կլինի Եվրոպական խորհրդի որոշումից, այն արդյունավետորեն վախեցրել է ԵՄ-ին և Մեծ Բրիտանիային
«Կարծում եմ, Պուտինը գոհ կլինի Եվրոպական խորհրդի որոշումից», – այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը՝ հրապարակելով գրառում սոցիալական ցանցում։
Ջոնսոնի խոսքով, Պուտինը «էֆեկտիվ կերպով վախեցրել է» ԵՄ-ին և Մեծ Բրիտանիային՝ նրանց ստիպելով հրաժարվել Ուկրաինայի ֆինանսավորման «գերազանց» ծրագրից։
«Ռեպարացիոն վարկը՝ Պուտինի սառեցված ակտիվներից, թույլ կտար միլիարդավոր գումարներ ազատել՝ բարոյապես և իրավականորեն արդարացված կերպով։ Դա հնարավորություն կտար ուկրաինացիներին իրենց պաշտպանել տարիներ շարունակ», – գրել է նա։
Նա ընդգծել է, որ Եվրոպական խորհրդի կողմից համաձայնեցված 90 միլիարդ եվրոյի վարկը, թեև ոչ բավարար, «ավելի լավ է, քան ոչինչ»։ Ջոնսոնը դրական է արտահայտվել Գերմանիայի կանցլերի և Եվրոպական հանձնաժողովի նախագահի առաջնորդության մասին։
«Ցավալի է, որ նրանց նախաձեռնությունը տապալեցին ԵՄ որոշ անդամ պետություններ, այդ թվում՝ որոշ երկրներ, որոնց ինքնին անցած դարում Ռուսաստանը ներխուժել էր», – նշել է նա։
Բորիս Ջոնսոնը քննադատել է նաև իր երկրի՝ Մեծ Բրիտանիայի և ներկա վարչապետ Քիր Սթարմերի պասիվությունը։ Նա նշել է, որ Մեծ Բրիտանիան ունի 15 միլիարդ ֆունտի չափով սառեցված ռուսական ակտիվներ, և դեռ ուշ չէ դրանց օգտագործման համար։