Բոլիվիայում ռազմական ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվել է առնվազն 15 մարդ, վիրավորվել՝ 30-ը
Բոլիվիայում ռազմական ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվել է առնվազն 15 մարդ, 30-ը՝ վիրավորվել,- հաղորդում է Sky News-ը։
Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Բոլիվիայի ռազմաօդային ուժերին պատկանող Hercules C-130 ինքնաթիռը վթարի է ենթարկվել մայրաքաղաք Լա Պասի մոտ գտնվող Էլ Ալտո քաղաքի մարդաշատ մայրուղում և բախվել մեքենաների։
Բոլիվիայի ռազմաօդային ուժերի հաղորդմամբ՝ ինքնաթիռի վեց անձնակազմի անդամներից երկուսը դեռևս որոնվում են։
Հաղորդումների համաձայն՝ ռազմական ինքնաթիռը, որը Սանտա Կրուս քաղաքից նոր թղթադրամներ էր տեղափոխում, դուրս է եկել թռիչքուղուց և վայրէջք կատարել մայրուղու վրա։ Արդյունքում վնասվել է ինքնաթիռը և վթարի պահին ճանապարհին գտնվող առնվազն 15 մեքենա։
Ռազմական ինքնաթիռի վթարից հետո հարյուրավոր մարդիկ եկել են վթարի վայր՝ մայրուղում ցրված փողերը հավաքելու, ինչը խոչընդոտել է փրկարարական աշխատանքներին։
Ավելի քան 500 զինվոր և 100 ոստիկան ջրցան մեքենաներ են օգտագործել ամբոխը ցրելու համար։