Բոլիվիան ունի ժամանակավոր նախագահ
Բոլիվիան ունի ժամանակավոր նախագահ

Բոլիվիան ունի ժամանակավոր նախագահ: Նա երկրի երկրորդ փոխխոսնակ Ժանին Անիեսն է: Նա իրեն նախագահի պաշտոնակատար է հայտարարել այն բանից հետո, ինչ բողոքի ցույցերի ֆոնին երկրի գործող առաջնորդ Էվո Մորալեսը լքել է երկիրը և ապաստան ստացել Մեքսիկայում:

Ժանին Անիեսը նախագահի պաշտոնը զբաղեցնելու է այսպես կոչված անցումային շրջանում և ապահովելու է ընտրությունների անցկացումը:

Բոլիվիայում արտահերթ ընտրությունները պետք է անցկացվեն 90 օրվա ընթացքում:

Բոլիվիայի նախկին նախագահը Մեքսիկա է մեկնել նոյեմբերի 12-ին: Նա արդեն ստացել է քաղաքական ապաստան: Ինչպես հայտարարում է նախկին նախագահը, նա հարկադրաբար լքել է երկիրը, քանի որ Բոլիվիայում նրա կյանքին վտանգ էր սպառնում:

Ինչպես հայտնի է, Մորալեսի հրաժարականից հետո պաշտոններից հեռացել են նաև իր դաշնակիցները: Այդ թվում փոխնախագահ Ալվարո Գարսիա-Լիները, ինչպես նաև օրենսդիր մարմնի երկու պալատների նախագահները, մի քանի նախարարներ և նահանգապետեր: