Բողոքի լայնածավալ ալիքի ֆոնին հրաժարական է տվել Բանգլադեշի վարչապետ Շեյխ Հասինան։ Ըստ տեղեկությունների՝ երկրի մայրաքաղաք Դաքքայում բողոքի ցույցի մասնակիցները ներխուժել են վարչապետի նստավայր։
Արեւմտյան լրատվամիջոցները հայտնում են, որ Շեյխ Հասինան հեռացել է Բանգլադեշից։
Օգոստոսի 4-ին ցուցարարների և ոստիկանության միջև բախումների հետևանքով զոհվել է առնվազն 90 մարդ։ Զոհերի թվում կա 13 ոստիկան։
Բանգլադեշում բողոքի ցույցերը շարունակվում են հուլիսից։ Ցուցարարները պահանջում են վերացնել պետական ծառայության քվոտաների համակարգը։ Հուլիսից Բանգլադեշում անկարգությունների հետևանքով առնվազն 290 մարդ է զոհվել։
Շեյխ Հասինան Բանգլադեշի կառավարությունը ղեկավարում է 2009 թվականից։