Բլումբերգ. Ռուսաստանը կտրականապես դեմ է Վատիկանի մասնակցությանը խաղաղ բանակցություններին
Ռուսաստանը կտրականապես դեմ է Վատիկանի մասնակցությանը խաղաղ բանակցություններին, – այս մասին գրում է «Բլումբերգը»։
Ինչպես նշում է հրատարակությունը, ԱՄՆ-ի և եվրոպական առաջնորդները հույս են դնում Վատիկանի վրա՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղ բանակցություններին ներգրավվելու հարցում, սակայն Կրեմլը հետաքրքրված չէ, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բանակցությունների նպատակով մեկնի Վատիկան։
«Բլումբերգին» անանուն աղբյուրի հաղորդմամբ՝ ռուս պաշտոնյաները չեն նախատեսում Վլադիմիր Պուտինի այցը Վատիկան կամ այլ վայր՝ բանակցությունների համար, և կենտրոնացած են տեխնիկական մակարդակի բանակցությունների վրա, որոնք անցած շաբաթ անցկացվել են Ստամբուլում։ Բացի այդ, Կրեմլում ակնկալում են, որ այդ բանակցությունները կշարունակվեն հենց Ստամբուլում։
Հրատարակության տվյալներով՝ բանակցությունները կարող են կայանալ հաջորդ շաբաթ, սակայն դա կախված է Ռուսաստանի պատրաստակամությունից մասնակցելու դրանք։
Աղբյուրների համաձայն՝ ԱՄՆ ներկայացուցիչները կապի մեջ են ուկրաինացիների հետ, որպեսզի համոզվեն, որ բանակցությունները տեղի կունենան։
Նշվում է նաև, որ ռուս ուղղափառ եկեղեցին դեմ է Վատիկանի մասնակցությանը խաղաղ բանակցություններին։ Բացի այդ, ընդգծվում է, որ Իտալիան Միջազգային քրեական դատարանի անդամ է, որը 2023 թվականի մարտին Վլադիմիր Պուտինի ձերբակալման օրդեր է տվել, ուստի նա պարտավոր է ձերբակալել Ռուսաստանի նախագահին, եթե նա ժամանի Հռոմ։
«Նույնիսկ եթե այս բոլոր խոչընդոտները հաղթահարվեն, բանակցությունները դեռ հեռու են այնպիսի համաձայնությունից, որը պահանջում է հանդիպում՝ Թրամփի, Պուտինի և Ուկրաինայի նախագահ Զելենսկու մասնակցությամբ՝ պատերազմը դադարեցնելու համաձայնագրի ստորագրման նպատակով», – գրում է «Բլումբերգը»։
Միևնույն ժամանակ, «Բլումբերգը» երեք անանուն աղբյուրների վրա հղումով նշում է, որ Ռուսաստանը Թուրքիան համարում է ավելի լավ վայր՝ հուշագրի շուրջ բանակցությունները շարունակելու համար։