«Բլումբերգ»-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը որոշել է Դոնբասի առաջնագծից զորքերը Կուրսկի շրջան չտեղափոխել
ՌԴ պաշտպանության նախարարությունը որոշել է Դոնբասի առաջնագծից զորքերը Կուրսկի շրջան չտեղափոխել։ Այս մասին գրում է «Բլումբերգ» գործակալությունը՝ հիմնվելով Կրեմլին մոտ կանգնած աղբյուրի վրա։
Հրապարակման մեջ ասվում է, որ չնայած Ռուսաստանի Կուրսկի մարզում շարունակվող ռազմական գործողություններին, ռուսական բանակը չի թուլացնում իր հարձակումը Դոնեցկի մարզում։ Անցած շաբաթվա ընթացքում ռուսական զինված ուժերը առաջ են շարժվել դեպի Պոկրովսկի շրջան, որը կարևոր նյութատեխնիկական հանգույց է Ուկրաինայի զինված ուժերի համար։
Սակայն, ըստ Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտի (ISW), Ուկրաինայի հարավից և արևելքից առնվազն որոշակի թվով ռուս զինվորներ են տեղափոխվել Կուրսկի շրջան։ Սակայն դրանք այն ստորաբաժանումները չէին, որոնք գտնվում են Դոնբասի առաջնագծում։
«Բլումբերգ»-ի հետ զրույցում ռազմական վերլուծաբան Յան Մատվեևը կարծում է, որ Կուրսկի շրջանում ուկրաինական ուժերի վերահսկողության տակ գտնվող բնակավայրերը վերադարձնելու համար կպահանջվի 40-ից 50 հազար ռուս զինվորական։ Ըստ «Բլումբերգ»-ի աղբյուրի՝ Կրեմլը մտադիր է այս գործողության մեջ օգտագործել ժամկետային զինծառայողներ։
Ուկրաինայի զինված ուժերը օգոստոսի 6-ից լայնածավալ հարձակողական գործողություններ են իրականացնում Կուրսկի շրջանում։ Ուկրաինայի Զինված ուժերի հրամանատար Ալեքսանդր Սիրսկին օգոստոսի 20-ին հայտարարել է, որ ուկրաինացի զինվորականները վերահսկում են Ռուսաստանի Կուրսկի մարզի ավելի քան 1260 քառակուսի կիլոմետր տարածք և 93 բնակավայր։ Սիրսկու խոսքով՝ ուկրաինական ստորաբաժանումները 28-35 կիլոմետր խորությամբ ներթափանցել են Ռուսաստանի Դաշնության տարածք։
Օգոստոսի 9-ից Բելգորոդի, Բրյանսկի և Կուրսկի շրջաններում ներդրվել է հակաահաբեկչական գործողության ռեժիմ։ Կուրսկի շրջանի նահանգապետի պաշտոնակատար Ալեքսեյ Սմիրնովը, քննարկելով սահմանային գոտում իրավիճակը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ 133 հազար մարդ արդեն լքել է շրջանը, մոտ 20 հազարը դեռ մնում է սահմանային գոտում։
Իր թելեգրամյան ալիքում Սմիրնովը նաև նշել է, որ Կուրսկի շրջանի սահմանամերձ շրջանների դպրոցներն անցել են հեռավար ուսուցման։ Նրա խոսքով, Կուրսկից մոտ 3,5 հազար աշակերտ ներկայումս գտնվում է Ռուսաստանի Դաշնության այլ շրջաններում, նրանք պետք է ժամանակավորապես ընդունվեն այն դպրոցները, որտեղ այժմ գտնվում են։