«Բլումբերգ». Ցորենի գինը հասել է եռամյա առավելագույնին, Ռուսաստանը պատրաստվում է պատերազմի էսկալացիային
Ցորենի գինը հասել է եռամյա առավելագույնին, Ռուսաստանը պատրաստվում է պատերազմի էսկալացիային, — այս մասին հոդված է հրապարակում «Բլումբերգը»։
Պարբերականի փոխանցմամբ՝ ռուս-ուկրաինական պատերազմը վնասել է նավահանգիստներն ու հացահատիկային տերմինալները, ինչը նշանակալիորեն նվազեցրել է մատակարարումները հացահատիկ արտահանող տարածաշրջանից։ Նրանց տեղեկություններով՝ Ռուսաստանն այժմ պատրաստվում է ուժեղացնել հարձակումներն Ուկրաինայի վրա, քանի որ Մոսկվան եզրակացրել է, որ խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունները հայտնվել են փակուղում։
«Բլումբերգի» տեղեկատվությամբ՝ ռուսական և ուկրաինական հացահատիկը կազմում է գլոբալ արտահանման ավելի քան քառորդ մասը, ինչպես նաև այս երկրներից աշխարհում արտահանվում է մեծ քանակությամբ գարի, եգիպտացորեն և արևածաղկի ձեթ։
«Շուկան շատ անհանգստացած է հակամարտության էսկալացիայի դեպքում լոգիստիկ սահմանափակումներով։ Եթե Սև ծովում հակամարտության կարգավորմանը չհասնենք և ծովային տրանսպորտից օգտվելը չբարելավվի, հացահատիկի գների աճը կշարունակվի», — պարբերականին հայտնել է Advantage Grain-ի գլխավոր մենեջեր Քրիս Նիկոլաուն։
Բացի այդ, Ուկրաինայի գյուղատնտեսության նախարարության փոխանցմամբ՝ այս մրցաշրջանում գյուղատնտեսական արտահանումը նախապատերազմյան շրջանի համեմատ կիսով չափ նվազել է։ Միևնույն ժամանակ, սպասվում է, որ Ռուսաստանի ցորենի մատակարարումն օգոստոսին, նախորդ տարվա համեմատ, կնվազի ավելի քան 50%-ով։ Բացի այդ, Չիկագոյի առևտրային բորսայում ցորենի գներն աճել են 2.6%-ով՝ հասնելով 2023 թվականի հուլիսից ի վեր ամենաբարձր ցուցանիշին։ Մինչ այդ իսկ արժեքն աճել էր 6.4%-ով։