Բլումբերգ. ԱՄՆ-ը հանդես է գալիս Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մեղմացման առաջարկով Ուկրաինայում խաղաղության հաստատման ծրագրի շրջանակներում

19:07, 18.04.2025

ԱՄՆ-ը հանդես է գալիս Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների մեղմացման առաջարկով՝ Ուկրաինայում խաղաղության հաստատման ծրագրի շրջանակներում, – այս մասին գրում է «Բլումբերգ»-ը։

Ինչպես գրում է «Բլումբերգ»-ը, ԱՄՆ-ը իր դաշնակիցներին ներկայացրել է մի առաջարկ, որը միտված է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղ համաձայնության ձեռքբերմանը։ Այս նախագիծը ներառում է Ուկրաինայում ռազմական գործողությունների դադարեցում և, եթե հաստատվի կայուն հրադադար, Մոսկվայի նկատմամբ սահմանված պատժամիջոցների մեղմացում։

Ինչպես «Բլումբերգ»-ին հայտնել է եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան, ԱՄՆ-ի ծրագրի ընդհանուր պատկերացումները ներկայացվել են Փարիզում անցկացված բանակցությունների ընթացքում։ Այդ բանակցություններին մասնակցել են ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթկոֆը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ինչպես նաև Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և Ուկրաինայի առաջնորդների խորհրդականները։

«Բլումբերգ»-ի տվյալներով՝ ԱՄՆ-ը փաստացի հանդես է գալիս հակամարտության սառեցման առաջարկով։ Միևնույն ժամանակ, Ռուսաստանի կողմից օկուպացված տարածքները կմնան Մոսկվայի վերահսկողության տակ։ Այս ծրագրի ավելի կոնկրետ մանրամասները «Բլումբերգ»-ի աղբյուրները չեն ներկայացրել։

«Բլումբերգ»-ը գրում է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մեղմացման ծրագիրը, այն պայմաններում երբ ուկրաինական տարածքները դեռ մնում են Ռուսաստանի կողմից օկուպացված, մտահոգություն է առաջացնում ԱՄՆ դաշնակիցների շրջանում։

Հիշեցնենք, որ ԵՄ-ի սահմանած պատժամիջոցների մեղմացման համար անհրաժեշտ է ԵՄ 27 անդամ պետությունների համաձայնությունը։

Նմանատիպ