«Բլումբերգ»՝ Եվրամիության անդամ խոշոր երկրների խումբը փորձում է մեղմել Ռուսաստանի դեմ պատրաստված նոր պատժամիջոցները
«Բլումբերգ» գործակալության փոխանցմամբ՝ Եվրամիության մի խումբ խոշոր անդամ երկրներ փորձում են մեղմել Ռուսաստանի դեմ պատրաստված նոր պատժամիջոցները։
Ինչպես գրում է «Bloomberg»-ը՝ հենվելով անանուն աղբյուրի վրա, խոսքը դեռ նախապատրաստվող պատժամիջոցների մասին է, որոնք պետք է սահմանափակեն Ռուսաստանի՝ երրորդ երկրների օգնությամբ արդեն իսկ սահմանված սահմանափակումները շրջանցելու հնարավորությունը։
Մասնավորապես, պատժամիջոցները պետք է խանգարեն Ռուսաստանի Դաշնությանը որոշ ապրանքներ ձեռք բերել միջնորդ ընկերությունների միջոցով։
Եվրամիության կողմից մշակված պլանի համաձայն՝ արտահանող ընկերությունները ապրանքը մատակարարելուց առաջ պետք է ներդրեն որոշակի գումար։ Եթե հայտնի դառնա, որ ապրանքների մատակարարումը վերջնականապես իրականացվում է պատժամիջոցների խախտմամբ, ապա այդ գումարի առնվազն 50 տոկոսը պետք է փոխանցվի Ուկրաինայի աջակցության հիմնադրամին, իսկ մատակարարման պայմանագիրը կչեղարկվի։
Ինչպես գրում է «Bloomberg»-ը, ԵՄ անդամ խոշոր երկրները կասկածում են նման միջոցառումների օրինականության մեջ եւ հույս չունեն, որ դրանք կիրականացվեն։ Նրանք նաեւ մտահոգություն են հայտնում, որ պատժամիջոցները կնվազեցնեն եվրոպական ընկերության արտադրանքի մրցունակությունը։ «Bloomberg»-ը գրում է, որ այս երկրները ցանկանում են կրճատել այն ապրանքների ցանկը, որոնց նկատմամբ նախատեսվում են ներմուծման սահմանափակումներ։
Տեղեկության համար՝ նոյեմբերի 15-ին Եվրահանձնաժողովն ավարտել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 12-րդ փաթեթի աշխատանքները և ուղարկել այն ԵՄ անդամ երկրներին՝ քննարկման։ Նոր փաթեթի շրջանակներում նախատեսվում է պատժամիջոցների ցանկում ավելացնել 120 ֆիզիկական և իրավաբանական անձինք, ինչպես նաև լրացուցիչ սահմանափակումներ մտցնել արտահանման և ներմուծման վրա, ինչպես նաև միջոցներ՝ կապված նավթի գնի վերին շեմի և արդեն գոյություն ունեցող պատժամիջոցների շրջանցում։
Նոյեմբերի 19-ին Սլովակիան հայտարարեց, որ չի աջակցի պատժամիջոցների նոր փաթեթին, քանի դեռ Եվրամիությունը չի հրաժարվել Ռուսաստանից միջուկային վառելիքի մատակարարումը սահմանափակելու իր ծրագրից: