Bloomberg – Էմանուել Մակրոնը քննարկում է խորհրդարանը լուծարելու և աշնանը արտահերթ ընտրություններ նշանակելու հարցը
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը քննարկում է խորհրդարանը լուծարելու և աշնանը արտահերթ ընտրություններ նշանակելու հնարավորությունը։ Այս մասին գրում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Ինչպես գործակալությանը հայտնել են անանուն աղբյուրները, վերջին շաբաթներին Մակրոնը նմանատիպ սցենար է քննարկել իր մերձավոր շրջապատի հետ։
Bloomberg-ը գրում է, որ քննարկումները միայն խորհրդատվական բնույթի են, և դեռևս որոշում չի կայացվել։
Գործակալության աղբյուրներից մեկի փոխանցմամբ՝ Մակրոնը մտածում էր խորհրդարանական ընտրությունները 2026 թվականին մունիցիպալ ընտրությունների հետ միասին անցկացնելու մասին, սակայն նրա խորհրդականները նրան ասել են, որ դա լավ գաղափար չէ։
Ինչպես հաղորդում է Bloomberg-ը, Մակրոնի վարկանիշը մարտ ամսին աճել է մինչև 31%, ինչը յոթ տոկոսային կետով ավելի է փետրվարի համեմատ։ Գործակալության տվյալներով՝ Ֆրանսիայի նախագահի վարկանիշի բարձրացմանը նպաստել է նրա միջազգային ասպարեզում ակտիվությունը։