Bloomberg. Դանիան և Նիդեռլանդները դեմ են Ուկրաինային ԵՄ-ին անդամակցության կարգավիճակ տրամադրելուն, մինչդեռ Գերմանիան պահանջում է որոշակի պայմաններ
Դանիան և Նիդեռլանդները դեմ են Ուկրաինային ԵՄ-ին անդամակցության կարգավիճակ տրամադրելուն, մինչդեռ Գերմանիան պահանջում է որոշակի պայմաններ,- գրում է «Bloomberg»-ը՝ հղում անելով անանուն աղբյուրին։
Ինչպես հայտնում է «Bloomberg»-ը, Եվրահանձնաժողովը հունիսի 17-ին Ուկրաինային ԵՄ-ի թեկնածուի կարգավիճակ տրամադրելու հանձնարարական կներկայացնի։
Այնուամենայնիվ, գործակալությունը նշում է, որ Եվրահանձնաժողովը, ամենայն հավանականությամբ, որոշակի պայմաններ կդնի Ուկրաինային՝ ԵՄ-ի թեկնածուի կարգավիճակ ստանալու համար, ինչպես օրինակ կոռուպցիայի դեմ պայքարն ու օրենքի գերակայության ապահովումը։
Ինչպես գրում է «Bloomberg»-ը, Եվրահանձնաժողովը կարող է միայն հանձնարարական տալ։ Ինչ վերաբերում է Ուկրաինային այս կարգավիճակի պաշտոնական տրամադրմանը, ապա այս դեպքում որոշումը պետք է կայացվի հունիսի 23-24-ին կայանալիք ԵՄ խորհրդի նիստում։
Սակայն, ըստ գործակալության, Դանիան եւ Նիդեռլանդները դեմ են նման որոշմանը։ Նրանք կարծում են, որ Ուկրաինան պատրաստ չէ։
Ըստ «Bloomberg»-ի՝ Բալթյան երկրները, Լեհաստանը և Իտալիան աջակցում են Ուկրաինային ԵՄ կարգավիճակի անվերապահ փոխանցմանը, մինչդեռ Գերմանիան պահանջում է որոշակի պայմանների կատարում։