Bloomberg. ԱՄՆ-ը Լեհաստանին խնդրում է պարզաբանել Ուկրաինային զենքի մատակարարումը դադարեցնելու վերաբերյալ արված հայտարարությունը
Bloomberg. ԱՄՆ-ը Լեհաստանին խնդրում է պարզաբանել Ուկրաինային զենքի մատակարարումը դադարեցնելու վերաբերյալ արված հայտարարությունը

«Bloomberg»-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը Լեհաստանին խնդրում է պարզաբանել Ուկրաինային զենքի մատակարարումը դադարեցնելու վերաբերյալ արված հայտարարությունը։ Այս մասին ազդեցիկ գործակալությանը հայտնել է ԱՄՆ պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյան, ում ինքնությունը «Բլումբերգը» չի նշում։

Նրա խոսքով, Լեհաստանը հավատարիմ է մնում Ուկրաինային աջակցելուն, թեեւ Վարշավայի հստակ դիրքորոշումն անհայտ է։ Նա նաև հավելում է, որ Կիևի և Վարշավայի միջև տարաձայնությունները դեռևս չեն առաջացրել Ուկրաինային օգնող կոալիցիայի պառակտում։

Ինչպես գրում է «Bloomberg»-ը, Ուկրաինային Լեհաստանի աջակցության կորուստը կարող է աղետալի լինել Ուկրաինայի ռազմական արշավի համար, քանի որ դա կխաթարի ՆԱՏՕ-ի միասնությունը։

Տեղեկության համար՝ օրեր առաջ Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավիեցկին ասել էր, որ այս փուլում Վարշավան այլեւս զենք չի մատակարարում Կիևին և կենտրոնանում է սեփական բանակի վերազինման վրա։ Այս հայտարարությունն արվել է հացահատիկի շուրջ Լեհաստանի և Ուկրաինայի միջև շարունակվող վեճի ֆոնին։ Լեհաստանը հայտարարում է, որ սեփական ֆերմերների շահերը պաշտպանելու համար թույլ չի տա ուկրաինական էժան գյուղմթերքի ներկրումը Լեհաստան։