«Bild»-ի փոխանցմամբ՝ Հնդկաստանն արգելափակել է Թուրքիային BRICS-ին միանալու հարցում
Հնդկաստանը արգելափակել է Թուրքիայի անդամակցությունը BRICS-ին։ Այս մասին տեղեկություն է տարածում գերմանական «Bild» հրատարակությունը։
ԱՄՆ վերլուծական կենտրոնի «Carnegie Endowment for International Peace»-ի թուրք արտաքին քաղաքականության փորձագետ Սինան Ուլգենը նշում է, որ նույնիսկ քվեարկություն չի եղել։ Ըստ վերլուծաբանի՝ Հնդկաստանի կողմից Թուրքիային արգելափակելու պատճառը Պակիստանի հետ երկրի լավ հարաբերություններն են։
Ըստ «Bild»-ի՝ «BRICS»-ին անդամակցելու համար անհրաժեշտ է կազմակերպության անդամ երկրների միաձայնությունը։ Սինան Ուլգենի խոսքով՝ մոտ ապագայում հետագա ընդլայնում չի լինի, քանի որ կան մի քանի երկրներ, որոնք դիմակայում են ընդլայնման հերթական ալիքին։
Ուլգենը պնդում է, որ Թուրքիայի նախագահը ցանկանում է միանալ BRICS-ին մի քանի պատճառով։ Առաջինն այս հարթակի օգնությամբ «ռազմավարական ինքնավարության» ամրապնդումն է։ Նաեւ՝ հիասթափություն Եվրամիության անդամակցության հեռանկարից։ Ըստ Սինան Ուլգենի՝ քաղաքական հեղինակությունը Էրդողանի մյուս շարժառիթն է, քանի որ Թուրքիայի նախագահը ցանկանում է ցույց տալ, որ կարող է միաժամանակ նստել ՆԱՏՕ-ի և «ԲՐԻԿՍ»-ի սեղանի շուրջ։