Բենյամին Նեթանյահուի հայտարարությամբ՝ Իսրայելը հարվածել է ռազմական օբյեկտին, որը գտնվում էր Սիրիայի նախագահի պալատի մոտակայքում
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը հարվածել է ռազմական օբյեկտին Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում՝ երկրի նախագահի պալատի մերձակայքում։
«Սա հստակ ուղերձ է Սիրիայի ռեժիմին՝ մենք թույլ չենք տա Սիրիայի ուժերի տեղակայում Դամասկոսի հարավում կամ որևէ սպառնալիք դրուզ համայնքի նկատմամբ», – նշել է Նեթանյահուն։
Սիրիայի իշխանությունները դեռևս չեն մեկնաբանել դեպքը։
Սա վերջին երկու օրում երկրորդ դեպքն է, երբ Իսրայելը ռազմական գործողություն է իրականացնում Սիրիայի տարածքում։ Ավելի վաղ՝ շաբաթվա սկզբին, Սիրիայում զինված խմբավորման և դրուզ համայնքի ներկայացուցիչների միջև զինված բախման հետևանքով, առնվազն 22 մարդ է զոհվել։ Բախումը, ենթադրաբար, հրահրվել է տարածված ձայնագրության պատճառով, որտեղ դրուզ տղամարդը վիրավորել էր մուսուլմանների մարգարե Մուհամմեդին։ Արձակված ինտենսիվ կրակի և հրթիռակոծության պայմաններում Սիրիայի անվտանգության ուժերը մտել են Սահնայիա կենտրոն, հասնելով հիմնականում դրուզ համայնքի անդամներով բնակեցված շրջաններին։