Բենյամին Նեթանյահու. Գազայում շարունակվող ցամաքային գործողությունը ՀԱՄԱՍ-ի հետ պատերազմի երկրորդ փուլն է, դա երկար ու դժվար պատերազմ է լինելու, մենք հաղթելու ենք
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի խոսքով՝ Գազայում շարունակվող ցամաքային գործողությունը ՀԱՄԱՍ-ի հետ պատերազմի երկրորդ փուլն է, որն ունի շատ հստակ նպատակներ։
Ինչպես ճեպազրույցում ասել է Նեթանյահուն, Իսրայելի լրացուցիչ ցամաքային ուժերը մտել են Գազա՝ ոչնչացնելու Համասը և պատանդներին տուն վերադարձնելու համար։
Իսրայելի վարչապետը հավելել է, որ իրենց զինվորներն ու հրամանատարներն այժմ գտնվում են Գազայի հատվածում, և նրանք «տեղակայված են ամենուր»։
Բացի այդ, Նեթանյահուն արձագանքել է միջազգային հանրության հայտարարություններին.
«Մեզ մի մեղադրեք ռազմական հանցագործությունների մեջ. Եթե կարծում եք, որ կարող եք մեր զինվորներին մեղադրել ռազմական հանցագործությունների մեջ, դա կեղծավորություն է։ Մենք աշխարհի ամենաբարոյական բանակն ենք»,- ասել է Նեթանյահուն։
Նա ասել է, որ Իսրայելի պաշտպանության ուժերը նախազգուշական միջոցներ են ձեռնարկում խաղաղ բնակիչներին պաշտպանելու համար և մեղադրել է Համասին մարդկության դեմ հանցագործություններ կատարելու մեջ՝ «իր ժողովրդին որպես վահան օգտագործելու միջոցով»:
«Դա երկար ու բարդ պատերազմ է լինելու։ Մենք հաղթելու ենք»,- ասել է Իսրայելի վարչապետը։