Բենիամին Նեթանյահուն մեկնել է Վաշինգտոն, որտեղ կհանդիպի Ջո Բայդենի և Քամալա Հարիսի հետ, ըստ տեղեկությունների՝ Իսրայելի վարչապետը կարող է հանդիպում ունենալ նաև Դոնալդ Թրամփի հետ
Բենիամին Նեթանյահուն մեկնել է Վաշինգտոն, որտեղ կհանդիպի Ջո Բայդենի և Քամալա Հարիսի հետ, ըստ տեղեկությունների՝ Իսրայելի վարչապետը կարող է հանդիպում ունենալ նաև Դոնալդ Թրամփի հետ

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մեկնել է Վաշինգտոն։ Պաշտոնական այցի շրջանակներում Նեթանյահուն կհանդիպի Ջո Բայդենի և Քամալա Հարիսի հետ։ Բացի այդ, հուլիսի 24-ին Բենիամին Նեթանյահուն ելույթ կունենա ԱՄՆ Կոնգրեսում։

Ըստ լրատվամիջոցների՝ Իսրայելի վարչապետը կարող է հանդիպել նաեւ Դոնալդ Թրամփի հետ, թեեւ այս տեղեկությունը պաշտոնապես չի հաստատվել։

Վաշինգտոն մեկնելուց առաջ Իսրայելի վարչապետը լրատվամիջոցների հետ զրույցում գնահատել է Ջո Բայդենի որոշումը՝ հանել իր թեկնածությունը նախագահական ընտրություններում և նշել, որ անկախ նրանից, թե ով կհաղթի ընտրություններում, Իսրայելը կմնա ԱՄՆ-ի դաշնակիցը։

«Ես նախատեսում եմ հանդիպել նախագահ Բայդենի հետ, ում ճանաչում եմ ավելի քան քառասուն տարի։ Սա հնարավորություն կլինի նրան շնորհակալություն հայտնելու այն ամենի համար, ինչ նա արել է Իսրայելի համար պատերազմում, ինչպես նաև սենատորի, փոխնախագահի և նախագահի երկար ու ակնառու կարիերայի ընթացքում»,- ասել է Նեթանյահուն լրատվամիջոցների հետ զրույցում։

Բենիամին Նեթանյահուի խոսքով՝ երկու կողմերը կքննարկեն, թե ինչպես կարող են առաջիկա ամիսներին հասնել կոնկրետ նպատակների, որոնք, ըստ Նեթանյահուի, կարևոր են երկու երկրների համար։

«Այս պատերազմի ընթացքում Իսրայելի թշնամիների համար կարևոր է իմանալ, որ Ամերիկան ​​և Իսրայելը միասին են այսօր, վաղը և միշտ»,- ասել է Իսրայելի վարչապետը։