Բենիամին Նեթանյահուն ասում է, որ Մերձավոր Արևելքում երկարատև պատերազմ չի լինի. «Իրանի ահաբեկչական ռեժիմն այժմ իր ամենաթույլ վիճակում է, ուստի գործընթացը կլինի արագ և վճռական»
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ասում է, որ Մերձավոր Արևելքում երկարատև պատերազմ չի լինի։ Նեթանյահուն այս մասին խոսել է Fox News-ին տված հարցազրույցում։
Նեթանյահուի խոսքով՝ «Իրանի ահաբեկչական ռեժիմն այժմ ամենաթույլն է, ուստի գործընթացը կլինի արագ, վճռական»։
«Մենք նախ կստեղծենք պայմաններ, որպեսզի իրանցի ժողովուրդը որոշի իր ճակատագիրը, ձևավորի իր սեփական ժողովրդավարական ճանապարհով ընտրված կառավարությունը, որը կստեղծի բոլորովին այլ Իրան», – ասել է Նեթանյահուն։
Նրա խոսքով՝ «իրանական ռեժիմի կործանումը կհարթի ճանապարհ տարածաշրջանի այլ մուսուլմանական երկրների հետ բազմաթիվ խաղաղության համաձայնագրերի կնքման համար, և դա կփոխի աշխարհը»։
Բացի այդ, լրագրողը դիմել է Նեթանյահուին. «Կան մարդիկ, ովքեր կարծում են, որ Իսրայելի վարչապետը Դոնալդ Թրամփին ներքաշել է այս պատերազմի մեջ», ինչին Նեթանյահուն ասել է.
«Սա ծիծաղելի է։ Դոնալդ Թրամփը աշխարհի ամենահզոր առաջնորդն է։ Նա անում է այն, ինչ համարում է ճիշտ Ամերիկայի և ապագա սերունդների համար», – ասել է Բենիամին Նեթանյահուն։
Իսրայելի վարչապետի խոսքով՝ տարբերություն կա Իրանի և ԱՄՆ-Իսրայելի միջև։
«Այս մարդասպանները հարձակվում են քաղաքացիների վրա։ Մենք՝ Իսրայելը և Ամերիկան, հարձակվում ենք ահաբեկիչների վրա։ Սա է տարբերությունը», – ասաց Նեթանյահուն։
Նեթանյահուն նաև համեմատեց Իրանը և Հյուսիսային Կորեան։ Նա ասաց, որ Հյուսիսային Կորեան ունի միջուկային զենք, և ոչ ոք նրանց չի կանգնեցրել այս ճանապարհին։
«Հյուսիսային Կորեան ունի միջուկային զենք, բայց նրանք չեն ասում. «Մահ Ամերիկային»»։ «Իրանը հավասար է 50 Հյուսիսային Կորեաների», – ասաց Բենիամին Նեթանյահուն։