Բենիամին Նեթանյահու. Պաղեստինի պետության ստեղծման գաղափարը հակասում է Իսրայելի անվտանգությանը
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Թել Ավիվում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Պաղեստինի պետության ստեղծման գաղափարը հակասում է Իսրայելի անվտանգությանը։
«Ցանկացած ապագա համաձայնագրի դեպքում Իսրայելին անհրաժեշտ է անվտանգության հսկողություն Հորդանանի արևմուտքում գտնվող ողջ տարածքում: Սա հակասում է Պաղեստինի ինքնիշխանության գաղափարին։ Բազմաթիվ երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ-ը, պահանջել են ստեղծել Պաղեստինի պետություն։ Այս հակամարտությունը ոչ թե պաղեստինյան պետության բացակայության, այլ հրեական պետության գոյության մասին է»,- ասել է Նեթանյահուն։
Իսրայելի վարչապետի խոսքով՝ իսրայելցի քաղաքական գործիչները, ովքեր պահանջում են նրա հրաժարականը, կողմ են պաղեստինյան պետության ստեղծմանը։
«Նրանք, ովքեր խոսում են Նեթանյահուի հաջորդ օրվա մասին, իրականում խոսում են պաղեստինյան պետության ստեղծման մասին։ Իսրայելի վարչապետը պետք է կարողանա «ոչ» ասել մեր ընկերներին»,- ասել է Նեթանյահուն։