Բենիամին Նեթանյահու. Մենք հաղթանակի ճանապարհին ենք և կանգ չենք առնի մինչև չհաղթենք, մենք փոխզիջումների չենք գնա
Իսրայելի վարչապետի խոսքով՝ պաղեստինցիներին չի թույլատրվի վերադառնալ Գազայի հատվածի հյուսիս, քանի դեռ այնտեղ մարտերը շարունակվում են։
Բենյամին Նեթանյահուն այս մասին հայտարարել է լրագրողների հետ ճեպազրույցում։ Նրա խոսքով՝ այս որոշումը համապատասխանում է միջազգային օրենսդրությանը։
«Միջազգային իրավունքը մի պարզ բան է ասում՝ նախքան վտանգի առաջացումը պետք է տարհանել խաղաղ բնակչությանը։ Այժմ ինտենսիվ մարտեր են ընթանում Գազայի հյուսիսում, և մենք չենք վերադարձնի բնակչությանը, քանի դեռ մարտերը շարունակվում են»,- ասել է Նեթանյահուն։
Իսրայելի կառավարության ղեկավարը հայտնել է նաեւ, որ Իսրայելը դիտարկում է Գազայի հատվածի եւ Եգիպտոսի սահմանի երկայնքով «Ֆիլադելֆիայի միջանցքի» նկատմամբ վերահսկողությունը պահպանելու հարցը։
«Մենք չենք կարող ավարտել պատերազմը առանց այս ելքը փակելու: Հակառակ դեպքում մենք չենք կարողանա ոչնչացնել ՀԱՄԱՍ-ը և զինաթափել Գազան, քանի որ այդ դեպքում հարավային ելքով ավելի շատ զենք կմտնի Գազա։ Ակնհայտ է, որ մենք պետք է փակենք նրան: Մի քանի հնարավորություն կա, և մենք դեռ որոշում չենք կայացրել»,- ասել է Նեթանյահուն։
Իսրայելի վարչապետը նաեւ ասել է, որ ռազմական գործողությունները Գազայի հատվածում չեն դադարի՝ անկախ Արդարադատության միջազգային դատարանի որոշումից, որտեղ Հարավաֆրիկյան Հանրապետությունը Իսրայելին մեղադրում է ցեղասպանության մեջ։
«Նոր նացիստների կողմնակիցները համարձակվում են մեզ մեղադրել ցեղասպանության մեջ։ Մենք աննախադեպ բարոյական և արդար պայքարի մեջ ենք Համասի հրեշների դեմ, որոնք նոր նացիստներն են։ Մենք հաղթանակի ճանապարհին ենք և կանգ չենք առնի մինչև չհաղթենք։ Մենք փոխզիջումների չենք գնա և կանգ չենք առնի»,- ասել է Նեթանյահուն։
Իսրայելի կառավարության ղեկավարը նաև ասել է, որ այս փուլում Իսրայելի կառավարությունը բացառում է հոկտեմբերի 7-ի հարձակումից առաջ իսրայելական բանակի հնարավոր սխալների վերաբերյալ արտաքին հետաքննություն անցկացնելը, ինչը, ըստ Նեթանյահուի, հակաարդյունավետ կլինի։
«Կարծում եմ՝ ոչ ոք չի ցանկանում, որ պաշտպանության ուժերի հրամանատարները պատերազմի փոխարեն փաստաբաններ փնտրեն»,- ասել է Իսրայելի վարչապետը։