Բելգրադում ավտոմեքենան բախվել է մարդկանց բողոքի ցույցի ժամանակ։ Երեք մարդ թեթև վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Ինչպես հայտնում են սերբական լրատվամիջոցները, վարորդը փորձել է փախչել, սակայն ոստիկանությունը նրան ձերբակալել է։ Ձերբակալության ժամանակ նա դիմադրել է իրավապահներին։
Սոցիալական ցանցերում տարածվել են միջադեպի տեսանյութերը։ Դրանցում երևում է, թե ինչպես է մեքենան հարվածում մարդկանց, երբ նրանք փողոցում են տեղաշարժվում։
Սերբիայում մասսայական բողոքի ցույցերը շարունակվում են 2024 թվականի աշնանից։ Դեմոնստրացիաները սկսվեցին Նովի Սադում տեղի ունեցած ողբերգությունից հետո, երբ երկաթուղային կայարանի բետոնե տանիքի փլուզման հետևանքով 15 մարդ զոհվեց։
Ցուցարարները պահանջում են պատասխանատուների պատժումը և երկրի իշխանության, այդ թվում՝ նախագահ Ալեքսանդր Վուչիչի հրաժարականը։
Բողոքի ցույցերի ֆոնին 2025 թվականի հունվարին Սերբիայի վարչապետ Միլոշ Վուչևիչը հրաժարական տվեց։