Բելգրադի երկաթուղային կայարանում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ հարյուրավոր մարդիկ բողոքի ցույց են անցկացրել

19:48, 03.11.2024

Բելգրադի երկաթուղային կայարանում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ հարյուրավոր մարդիկ բողոքի ցույց են անցկացրել։

Ցուցարարները մեղադրել են իշխանություններին անփութության և կոռուպցիայի մեջ այն բանից հետո, երբ Սերբիայի Նովի Սադ քաղաքի երկաթուղային կայարանում բետոնե տանիքը փլուզվել է, որի հետևանքով զոհվել է 14 մարդ:

Հանրահավաքի մասնակիցները «Ձեռքերիդ արյուն է» և «Կոռուպցիան սպանում է» գրություններով պաստառներ են պահել։ Ցուցարարները վանկարկել են՝ «Ձերբակալեք նախագահ Ալեքսանդր Վուչիչին»։

Ինչպես գրում է «Reuters»-ը, սերբ ընդդիմադիր քաղաքական գործիչները, ակտիվիստները և իրավապաշտպան կազմակերպությունները Վուչիչին և կառավարությանը մեղադրում են կոռուպցիայի, կազմակերպված հանցավորության հետ կապերի, նեպոտիզմի և չափից դուրս բյուրոկրատիայի մեջ։

Վուչիչը և նրա դաշնակիցները հերքում են այդ մեղադրանքները։ Սերբիայի վարչապետ Միլոշ Վուչևիչը հայտարարել է, որ իշխանությունները հետաքննում են, թե ով է պատասխանատու աղետի համար։ Քաղաքի դատախազությունը հայտնել է, որ քննիչները միջադեպի առնչությամբ հարցաքննել են 26 մարդու, այդ թվում՝ տրանսպորտի նախարար Գորան Վեշիչին, և ձեռք են բերել կարևոր փաստաթղթեր: Բացի այդ, հարցաքննության է հրավիրվել 14 մարդ։

Հիշեցնենք, Սերբիայի Նովի Սադ քաղաքի երկաթուղային կայարանի բետոնե տանիքը փլուզվել է և ընկել սպասասրահում նստած մարդկանց վրա։ Արդյունքում մահացել է 14 մարդ։

Նմանատիպ