Բելգորոդում «Իլ-76»-ի կործանման կապակցությամբ, Ռուսաստանի խնդրանքով, տեղի է ունեցել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ
Բելգորոդում «Իլ-76»-ի կործանման կապակցությամբ, Ռուսաստանի խնդրանքով, տեղի է ունեցել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ։
«Կիեւի հանցավոր ռեժիմի արեւմտյան հովանավորները պատասխանատու են ռեժիմի հանցագործությունների համար։ Նման իրավիճակներում դուք շեշտում եք այն փաստը, որ Ուկրաինան օգտագործում է այդ զենքերը օրինական ինքնապաշտպանության համար։ Միգուցե այսօր մեզ կբացատրեք, թե ինչպես է ինքնապաշտպանությունը կապված ձեր իսկ գերիներին տեղափոխող ինքնաթիռի խոցման հետ՝ միջազգային մարդասիրական իրավունքի ընթացակարգն իրականացնելու համար»,- նշել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Պոլյանսկին։
Միաժամանակ Պոլյանսկին միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին մեղադրել է երկակի ստանդարտներ կիրառելու մեջ։
ՄԱԿ-ում Ուկրաինայի ներկայացուցիչ Քրիստինա Հայովիշինը նշել է, որ, համաձայն միջազգային իրավունքի, Ռուսաստանը կրում է ողջ պատասխանատվությունը ուկրաինացի ռազմագերիների կյանքի համար։
«Մենք պնդում ենք միջազգային հետաքննություն՝ պարզելու այս միջադեպի բոլոր հանգամանքները։ Ռուսաստանն ուղղակիորեն պատասխանատու է Ուկրաինայի դեմ ագրեսիայի համար: Ուկրաինացիների մեջ զոհեր չէին լինի, եթե Պուտինը չտար պատերազմ սկսելու հրամանը։ Պետք է հնարավորինս պարզել բոլոր հստակ փաստերը՝ հաշվի առնելով, որ Ռուսաստանի տարածքում կործանված ինքնաթիռը մեր վերահսկողությունից դուրս է։ «Փաստերն» այժմ հիմնական բառն է»,- ասել է ՄԱԿ-ում Ուկրաինայի փոխդեսպան Քրիստինա Հայովիշինը։
ՄԱԿ-ում Ուկրաինայի ներկայացուցիչը հավելել է, որ Ուկրաինայի իշխանությունները հետաքննում են բոլոր հանգամանքները։ Նրա խոսքով՝ ինքնաթիռի կործանումից հետո Անվտանգության դաշնային ծառայությունը և ռուս զինվորականները թույլ չեն տվել շտապ օգնության աշխատակիցներին արձանագրության համաձայն այցելել վթարի վայր։
Իլ-76-ի խոցման պատճառով Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը խնդրել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը գումարել հունվարի 24-ին։
Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ Իլ-76 ինքնաթիռը, որում եղել է 65 ուկրաինացի ռազմագերի, ուկրաինացի զինվորականները խոցել են երկու զենիթային հրթիռներով։ Ուկրաինայի զինված ուժերը հայտարարել են, որ ինքնաթիռը հրթիռներ է կրել։ Դրանից հետո Ուկրաինայի ՊՆ գլխավոր հետախուզական ստորաբաժանումը նույնպես հայտարարություն է տարածել, որտեղ նշվում է, որ հավաստի տեղեկություններ չունեն, թե ովքեր են եղել Բելգորոդում խոցված ռուսական ինքնաթիռում։