Բելգորոդի մարզում կործանվել է ռազմատրանսպորտային ինքնաթիռ, որը, ըստ ռուսական կողմի, փոխանակման համար տեղափոխում էր 65 ուկրաինացի գերի
Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Իլ-76 ռազմատրանսպորտային ինքնաթիռը կործանվել է Ռուսաստանի Բելգորոդի շրջանում։
Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ Բելգորոդի մարզում կործանված ինքնաթիռում եղել են 65 ուկրաինացի ռազմագերիներ, որոնք փոխադրվում էին փոխանակման նպատակով։ Բացի այդ, նրանց տեղեկություններով, ինքնաթիռում եղել է անձնակազմի վեց անդամ և երեք ուղեկցող անձ։ Գերատեսչության տվյալներով՝ «Իլ-76» տիպի ինքնաթիռը կործանվել է նախատեսված թռիչքի ժամանակ։ ՊՆ-ից հայտնում են, որ ինքնաթիռի կործանման վայր է մեկնել քննչական հանձնաժողովը։
Շրջանի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը Telegram-ի ալիքում գրում է Կորոչանսկի շրջանում տեղի ունեցած «միջադեպի մասին» և նշում, որ այժմ տեղում աշխատում է քննչական խումբը և ԱԻՆ աշխատակիցները։ Գլադկովի խոսքով՝ ինքը դեպքի վայրի ճանապարհին է։