Բելգիայի դատախազությունը հետաքննում է Եվրոպական խորհրդարանում հնարավոր կոռուպցիան
Բելգիայի դատախազությունը հայտնում է, որ հարցաքննության նպատակով ձերբակալել է մի քանի անձի՝ Եվրոպական խորհրդարանում ակտիվ կոռուպցիայի մեջ նրանց ենթադրյալ մասնակցության հետ կապված։ Այս մասին հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը։
Դատախազների հաղորդմամբ՝ դաշնային ոստիկանությունը խուզարկություններ է իրականացրել 21 վայրում՝ Բրյուսելի շրջանում, ինչպես նաև Ֆլանդրիայում, Վալոնիայում և Պորտուգալիայում։
Դատախազությունը չի հրապարակել հետաքննության շրջանակում ներգրավված անձանց անուններն ու պաշտոնները։
Դատախազների խոսքով՝ կոռուպցիան, կեղծ փաստաթղթերի պատրաստումն ու օգտագործումը, ըստ նախնական տվյալների, 2021 թվականից մինչ օրս պարբերական և գաղտնի բնույթ են կրել։
Նրանց խոսքով՝ դա տեղի էր ունենում «առևտրային լոբբիի քողի տակ» և դրսևորվում էր տարբեր ձևերով, այդ թվում՝ քաղաքական պաշտոնների ստացման դիմաց վճարով, նվերներով, ինչպես նաև սննդի, ճանապարհորդության ծախսերի հատուցմամբ կամ ֆուտբոլային հանդիպումների կանոնավոր հրավերներով։
Դատախազության հաղորդմամբ՝ խուզարկությունների ընթացքում առգրավվել են մի շարք փաստաթղթեր և իրեր, ինչպես նաև հայտնաբերվել են փողերի լվացման ապացույցներ։