Բելգիայի արդարադատության նախարարը հրաժարական է տվել
Բելգիայի արդարադատության նախարարը հրաժարական է տվել

Բելգիայի արդարադատության նախարարը հրաժարական է տվել: Վինսենթ Քուիքենբորնի հրաժարականի պատճառ է դարձել օրեր առաջ Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչությունը։

«Ռոյթերս» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ահաբեկչությունից հետո Վինսենթ Քուիքենբորնը հայտնել է, որ երկուշաբթի երեկոյան Բրյուսելում Շվեդիայի երկու քաղաքացիների սպանած թունիսցի հարձակվողի արտահանձնումը դեռևս 2022 թվականին Թունիսի պահանջն է եղել, ինչը Բելգիայի արդարադատության նախարարությունը չի բավարարել:

«Սա աններելի սխալ է՝ դրամատիկ հետեւանքներով։ Ուզում եմ ամբողջությամբ ստանձնել քաղաքական պատասխանատվությունը»,- լրատվամիջոցների հետ զրույցում ասաց արդարադատության նախկին նախարարը։

Բելգիայի դատախազի տեղեկություններով՝ ահաբեկիչը Եվրամիության տարածք է մտել Թունիսից 2019 թվականին և չնայած ապաստան չի ստացել, ապրել է Բրյուսելում։

Բելգիայի վարչապետ Ալեսանդրե դե Կրուայի խոսքով՝ չնայած ապաստանի մերժմանը, Բելգիայի անվտանգության ծառայությունը չի կարողացել վերահսկել նրա գտնվելու վայրը։

Օրեր առաջ Բրյուսելում տեղի ունեցած հրաձգության հետևանքով Շվեդիայի երկու քաղաքացի է զոհվել, որից հետո Բելգիայի մայրաքաղաքում ահաբեկչական սպառնալիքի մակարդակը հասցվել է առավելագույնի։ Բելգիայի ոստիկանությունը վնասազերծել է սպանության մեջ կասկածվող 45-ամյա Աբդեսլամ Լասուեդին։