Բելառուսի և Ռուսաստանի միջև անվտանգության երաշխիքների վերաբերյալ համաձայնագիրը ուժի մեջ է մտել

21:17, 13.03.2025

Բելառուսի և Ռուսաստանի միջև անվտանգության երաշխիքների վերաբերյալ համաձայնագիրը ուժի մեջ է մտել։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

Ինչպես պարզաբանել է Պուտինը, երկու երկրների միջև համաձայնագիրը նախատեսում է միմյանց պաշտպանության պարտավորություններ, այդ թվում՝ առկա բոլոր հնարավոր միջոցների կիրառմամբ։

«Այսօր փոխանակվեցին 2024 թվականի դեկտեմբերի 6-ին Մինսկում ստորագրված անվտանգության երաշխիքների վերաբերյալ երկկողմ պայմանագրի վավերացման փաստաթղթերը։

Այսպիսով, համաձայնագիրը պաշտոնապես ուժի մեջ մտավ։

Հիշեցնենք, որ այս փաստաթուղթը սահմանում է դաշնակցային երկկողմ պարտավորությունները՝ Ռուսաստանի և Բելառուսի հուսալի պաշտպանության և անվտանգության ապահովման համար, այդ թվում՝ առկա ողջ ռազմական ներուժի կիրառմամբ», – նշել է Պուտինը։

Բացի այդ, ինչպես հանդիպումից հետո հայտարարել է Պուտինը, Բելառուսում մշտապես բնակվող Ռուսաստանի քաղաքացիները, ինչպես նաև Ռուսաստանում մշտապես բնակվող Բելառուսի քաղաքացիները կկարողանան մասնակցել տեղական ընտրություններին երկու երկրներում՝ որպես ընտրողներ և որպես թեկնածուներ։

Նրա խոսքով՝ սա հնարավոր է դարձել կողմերի կողմից այսօր ստորագրված արձանագրության շնորհիվ, որով փոփոխություններ են կատարվել 1998 թվականի համաձայնագրում՝ երկու երկրների քաղաքացիների հավասար իրավունքների վերաբերյալ։

Նմանատիպ