BBC-ի հաղորդմամբ՝ Մադրիդում էլեկտրաէներգիայի անջատման ժամանակ մեկ մարդ է զոհվել, 13-ը՝ վիրավորվել
Մադրիդի հարավում՝ Կարաբանչելի շրջանում, էլեկտրաէներգիայի անջատման ժամանակ առաջացած հրդեհի հետևանքով մեկ մարդ է զոհվել։ BBC-ի հաղորդմամբ՝ նախնական վարկածով հրդեհը առաջացել է մոմի պատճառով։ Մադրիդի շտապ օգնության ծառայության տվյալներով՝ էլեկտրաէներգիայի անջատման ժամանակ Մադրիդում վիրավորվել է 13 մարդ, որոնցից հինգը տեղափոխվել են հիվանդանոց։
Արտակարգ իրավիճակների ծառայության տվյալներով՝ Մադրիդի այլ շրջաններում հրշեջները փրկել են ավելի քան 200 մարդու, որոնց մեծ մասը մնացել էր վերելակներում՝ էլեկտրաէներգիայի անջատումից հետո։
Հիշեցնենք, որ երեկ Իսպանիայում և Պորտուգալիայում միլիոնավոր մարդիկ մնացել էին առանց էլեկտրաէներգիայի։ Երկու երկրներում դադարեցվել էր գնացքների տեղաշարժը՝ ներքին և միջքաղաքային երթուղիներով։ Դադարեցվել էր նաև օդային հաղորդակցությունը։ Էլեկտրաէներգիայի անջատման հետևանքով երկու երկրներում անջատվել էին լուսացույցերը, ինչը քաոս էր առաջացրել ճանապարհներին։ Ներկայումս երկու երկրում էլ էլեկտրամատակարարումը գրեթե ամբողջությամբ վերականգնվել է, սակայն տրանսպորտը շարունակում է գործել խափանումներով։