Բավարիայում ձերբակալվել է գերմանացի զինվորների սպանությունը ծրագրելու մեջ կասկածվող սիրիացի
Բավարիայում ձերբակալվել է գերմանացի զինվորների սպանությունը ծրագրելու մեջ կասկածվող սիրիացի: Այս տեղեկությունը հայտնում է ՌՈՅԹԵՐՍ գործակալությունը՝ հիմնվելով տեղի դատախազության վրա։
Դատախազության տվյալներով՝ արմատական իսլամիստական հայացքներ ունեցող 27-ամյա սիրիացին Բավարիայի Հոֆ քաղաքում ծրագրել է սպանել գերմանացի զինվորներին ։ Կասկածյալը ձեռք է բերել 40 սանտիմետր երկարությամբ երկու մաչետա, որոնցով էլ ծրագրել է սպանել:
«Այս արարքով ամբաստանյալը ցանկացել է ուշադրություն գրավել և անորոշության զգացում սերմանել բնակչության մեջ»,- ասվում է դատախազության հաղորդագրությունում։
Գերմանիայում միգրանտների կողմից վերջին մի քանի հարձակումներից հետո իշխանությունները խստացրել են սահմանային հսկողությունը։ Օգոստոսին Սոլինգեն քաղաքում դանակով հարձակման հետևանքով երեք մարդ է զոհվել։ Միջադեպի պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը։