Բաթումիում սկսվում է ֆուտբոլային մարզադաշտի շինարարությունը: 100 միլիոնանոց նախագծի հիմքը այսօր գցել են տոնական միջոցառման ժամանակ:
20 հազար երկրպագուի համար հաշվառված, ՈՒԷՖԱ-ի չափանիշներին համապատասխան մարզադաշտի շինարարությունը ավարտվելու է 2020 թվականին:
«Հպարտությամբ ցանկանում եմ ասել, որ Բաթումիի մարզադաշտի շինարարությանը զուգահեռ, կառուցվելու են նաև այլ կարևոր մարզահամալիրներ: Սա առողջ ապրելակերպի ժողովրդականացում է, մեր երեխաների ապագան»,- հայտարարել է Աջարիայի ինքնավար հանրապետության կառավարության նախագահ Զուրաբ Պատարաձեն:
Տոնական միջոցառմանը ներկա էր նաև Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ինֆրակառուցվածքների նախարար Զուրաբ Ալավիձեն:
«Այս մարզադաշտի շինարարությունը մեզ հնարավորություն կտա մեր երկրում տեսնել էլ ավելի մեծ քանակությամբ զբոսաշրջիկների: Տարածաշրջանում սկսելու ենք մի քանի խոշոր նախագծերի իրականացում, սա շատ կարևոր օր է մեզ համար»,-հայտարարել է նախարարը:
Մարզադաշտը կառուցվելու է քաղաքի կենտրոնում, նախկին մեքենաշինության գործարանի տարածքում:
Ինչպես հայտարարել է Վրաստանի ֆուտբոլի դաշնության նախագահը, Վրաստանի ազգային հավաքականը հաճախ է խաղալու Բաթումիում:
«Բոլորը սպասում էին այս օրվան, և ես հպարտ եմ, որ պատասխանեցինք բնակչության հարցին, թե երբ է կառուցվելու մարզադաշտը: Պատմական օր է և ցանկանում եմ նշել, որ Վրաստանի ազգային հավաքականը հաճախ կխաղա այս մարզադաշտում»,- ասել է Լևան Կոբիաշվիլին:
Հիշեցնենք, Բաթումիի մարզադաշտը ապամոնտաժել էին 2006 թվականին, դրանից հետո հայտարարվել էր մրցույթ: Մարզադաշտի շինարարական աշխատանքները կատարելու է «Անագի» ընկերությունը:
Հեղինակ -
Edgar Barsegyan