Բաթումիում նշվեց Նավաստիների միջազգային օրը: 2011 թվականից ի վեր Վրաստանը ծովային այլ երկրների հետ մեկտեղ նշում է մասնագիտական տոնը:
Նավաստիների օրվան նվիրված առաջին գործողությունը սկսվեց Ռազմածովային ակադեմիայի կուրսանտների հանդիսավոր երթով՝ նվագախմբի ուղեկցությամբ: Այս տարի վրացի նավաստիների մասնագիտական օրը նշեցին բրիտանական նավատորմի ամենահզոր կործանիչներից մեկի HMS defender-ի անձնակազմի անդամները:
Նավաստիներին տոնի առթիվ շնորհավորեցին Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան, Աջարիայի կառավարության նախագահ Թորնիկե Ռիժվաձեն և ծովային տրանսպորտի գործակալության ղեկավար Թամար Իոսելիանին:
Ծովային տրանսպորտի զարգացման գործում ունեցած ներդրման համար տարաբնույթ մրցանակներ են շնորհվել ներկայիս և նախկին հեռավոր ծովայիններին: Ծովային ոլորտի վաստակաշատ ներկայացուցիչներ Զուրաբ Լաբաձեն, Էկա Սիրաձեն, Թեյմուրազ Քավթարաձեն պարգևատրվեցին պատվո մեդալով:
Ծովային տրանսպորտի գործակալության տնօրեն Թամար Իոսելիանին, ծովում ցուցաբերած բացառիկ խիզախության համար, շնորհակալագիր է հանձնել Պանամայի դրոշի տակ նավարկող ARIFE նավի անձնակազմի վրացի անդամներին: 2020 թվականի ապրիլի 8-ին վրացի նավաստիները Միջերկրական ծովում այրվող նավում փրկեցին 12 մարդու կյանք:
Նավաստիների օրվա տոնին նվիրված միջոցառման պաշտոնական մասի շրջանակներում Էկոնոմիկայի նախարարության, Ծովային տրանսպորտի գործակալության և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) կապալառուի (DAI) միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել ծովային ոլորտում հետագա համագործակցության մասին: Կողմերը նպատակ ունեն համագործակցել Վրաստանի ծովային հատվածի մրցունակությունը, կայուն և ներառական աճը բարձրացնելու նպատակով:
Միջոցառման ավարտին մեկ րոպե լռությամբ հարգվեց հերթապահության ընթացքում զոհված նավաստիների հիշատակը և ավանդույթի համաձայն, կատարվեց ծաղկեպսակը ծովը նետելու արարողություն: