Բաթումիում ցույց է անցկացվում Միխեիլ Սաակաշվիլիին բուժման նպատակով արտերկիր տեղափոխելու պահանջով
Բաթումիում՝ Աջարիայի կառավարության շենքի դիմաց, Միխեիլ Սաակաշվիլիին բուժման նպատակով արտասահման տեղափոխելու պահանջով ցույց է անցկացվում։ Ավելի վաղ ցուցարարները հավաքվել էին Բաթումիի համալսարանի մոտ։ Նրանց խոսքով՝ վայրը ընտրվել է խորհրդանշական կերպով: Ըստ ցուցարարների՝ 18 տարի առաջ Ասլան Աբաշիձեի դեմ բողոքի ցույցերը, որոնք ավարտվեցին նրա հրաժարականով, տեղի էին ունենում Բաթումիի համալսարանի մոտ։
Ցուցարարները համալսարանից շարժվեցին դեպի Աջարիայի կառավարություն։ Հանրահավաքին ներկա են «Միացյալ ազգային շարժման» տեղական առաջնորդները, ինչպես նաև Թբիլիսիից կուսակցական առաջնորդներից մի քանիսը, Սաակաշվիլիի ընտանիքի անդամներն ու կողմնակիցները։
«Միխեիլ Սաակաշվիլին հպարտանում էր այս վայրով։ Տեսնում եք հյուրանոցները, ենթակառուցվածքները, դա Միշայի վաստակն է։ Ես պատասխանատվություն կվերցնեմ իմ ընտանիքի անունից, կղեկավարեմ շարժումը, որը կփրկի Միշային»,- հանրահավաքում հայտարարել է Միխեիլ Սաակաշվիլիի եղբայր Գիորգի Սաակաշվիլին։