Բաթումին արժանացել է Եվրոպայի ամենաարագ զարգացող տուրիստական ուղղության՝ զբոսաշրջության «Օսկար» մրցանակին։ Այս մասին տեղեկությունը տարածում է Աջարիայի կառավարության նախագահ Թոռնիկե Ռիժվաձեն։
«World Travel Awards-ի մրցանակաբաշխության ժամանակ Բաթումին արժանացել է Եվրոպայի ամենաարագ զարգացող զբոսաշրջային ուղղության մրցանակին։ Բաթումին պաշտոնապես անվանվել է World Travel Awards 2023-ի հյուրընկալող քաղաք»,- գրել է Ռիժվաձեն սոցցանցում։
Բաթումիի քաղաքապետարանի տվյալներով՝ հեղինակավոր World Travel Awards մրցանակաբաշխության ժամանակ Բաթումին հաղթել է ավելի քան 10 զբոսաշրջային ուղղություններով և դարձել Եվրոպայի ամենաարագ զարգացող զբոսաշրջային ուղղությունը 2022 թվականին։
Նշենք, որ Բաթումին այս տիտղոսը նվաճել է նաեւ 2019 թվականին։
Միջոցառումն անցկացվում է 1993 թվականից։ Ընդհանուր առմամբ, հարյուրավոր անվանակարգեր և հազարավոր թեկնածուներ բաժանված են տարբեր կատեգորիաների՝ ըստ մայրցամաքների և երկրների: Դրանց թվում են առաջատար հյուրանոցները, տուրիստական գործակալությունները, զբոսաշրջային վայրերը, ուղղությունները, տուրօպերատորները, ինչպես նաև ծովային, ավտոմոբիլային, օդային փոխադրող ընկերությունները և այլն։