Բաթումիի Գոգոլի փողոցում հանրահավաք է անցկացվում։ Ցուցարարների խոսքով՝ իրենք սոցիալապես անապահով են, ինչպես նաև անօթևան և կառավարությունից բնակարան են պահանջում։
Միաժամանակ, ըստ ցուցարարների, իրենք տեղեկություններ ունեն, որ Գոգոլի փողոցում նախատեսվում է ապամոնտաժել թուրք գործարար Գալիֆ Օզթուրքին պատկանող ապօրինի կառուցված շենքերը։ Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են չքանդել նշված շենքերը եւ այնտեղ տեղավորել անօթեւաններին։
«Ասում են՝ ապօրինի է կառուցվել, ապամոնտաժում է նախատեսվում։ Որպեսզի չքանդեն, թողնեն ներս մտնենք անօթևաններս, որոնք տարիներ շարունակ վարձով են ապրում։ Եկել ենք, որ կառավարությունը կա՛մ մեզ բնակության տեղ տա, կա՛մ այստեղ մտնենք»,- ասաց ցուցարարներից մեկը։
Տարածքը հսկվում է ոստիկանական շղթայով։ Ցուցարարներն ասում են, որ չեն պատրաստվում ներխուժել շենքեր։
Բաթումիի Գոգոլ փողոցի մի քանի բնակելի շենքեր պատկանում են թուրք գործարար Գալիֆ Օզթուրքի «Metro City» ընկերությանը։ Բաթումիի քաղաքապետարանի տվյալներով՝ շինարարությունն իրականացվել է ապօրինի, ինչի պատճառով ընկերությունը տուգանվել է 39 անգամ, սակայն գործընթացը չի դադարեցվել։