Բաթումի «Դինամո». Ջովինո Ֆլամարիոնի կյանքին վտանգ չի սպառնում #1TVSPORT
Բաթումի «Դինամո». Ջովինո Ֆլամարիոնի կյանքին վտանգ չի սպառնում #1TVSPORT

Ազգային լիգայի 25-րդ տուրում «Թելավը» հյուրընկալվելիս 2:1 հաշվով հաղթել է վիճակահանության առաջատար Բաթումի «Դինամոյին»։ Այս աղմկահարույց արդյունքը ստվերվեց հանդիպման վերջնամասում տեղի ունեցած միջադեպով։

«Կավկասիոնի» մարզադաշտում կայացած հանդիպման ավելացված րոպեներին խաղը դադարեցվել է 10 րոպեով. տանտերերի դարպասապահ Դավիդ Յուրչենկոն ծնկով հարվածել է բաթումցիների հարձակվող Ջովինո Ֆլամարիոնի գլխի հետին հատվածին։

Իրավիճակն այնքան բարդ էր, որ բրազիլացի լեգեոները շնչառության հետ կապված խնդիրներ ուներ, նրան բժիշկների օգնությունն ու թթվածին մատակարարեցին, Ջովինոյին շտապօգնության մեքենայով տեղափոխեցին հիվանդանոց։

Բաթումի բրազիլացի լեգեոների կյանքին, բարեբախտաբար, վտանգ չի սպառնում. Բաթումիի «Դինամոյի» մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել Ֆլամարիոնի վնասվածքի մասին։

«Ֆուտբոլիստի կյանքին վտանգ չի սպառնում։ Վնասվածքի լրջության մասին լրացուցիչ մանրամասներ հայտնի կդառնան համակարգչային-տոմոգրաֆիկ հետազոտությունից հետո»,- ասված է ակումբի հաղորդագրության մեջ։