Բարձր ենք գնահատում Թուրքիայի հետ առանձնահատուկ հարաբերությունները և ողջունում ենք ռազմավարական գործընկերության խորացւմը. Գիորգի Գախարիա
Մենք բարձր ենք գնահատում Թուրքիայի հետ առանձնահատուկ հարաբերությունները և ողջունում ենք ռազմավարական գործընկերության խորացումը,- այս մասին Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպման ժամանակ:
Հանդիպման ժամանակ ընդգծվել է՝ Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև գոյություն ունեցող եռակողմ ձևաչափը և նշվել, որ երեք երկրների արտգործնախարարների հերթով 8-րդ հանդիպումը Թբիլիսիում, որտեղ քննարկվում են տարբեր ոլորտներում համագործակցության հարցերը, հաստատում է այս ձևաչափի յուրահատկությունը:
Վրաստանի վարչապետի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարի միջև կայացած հանդիպման ընթացքում, կողմերը ուշադրությունը բևեռել են երկու երկրների բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհրդի հաջորդ հանդիպման վրա, որը տեղի կունենա Անկարայում հաջորդ տարվա սկզբին:
Խոսքը վերաբերել է նաև էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում համատեղ նախագծերին, այդ թվում ՝ «Հարավային գազի միջանցքին», որի մի մասի՝ Տրանս-Անատոլիական գազատարի (TANAP) բացումը վերջերս տեղի է ունեցել Թուրքիայում: Խոսքը վերաբերել է նաև Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղուն:
Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Թուրքիայի հանրապետությանը ՝ Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը ցուցաբերած ամուր աջակցության համար:
Զրուցակիցներն ընդգծել են նաև վրաց-թուրքական համագործակցության կարևորությունը մշակույթի ոլորտում և ընդգծել բարձր մակարդակի երկկողմ այցերի դինամիկան, ինչը երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության ևս մեկ կարևորագույն կետ է:
Լրատվությունն այս մասին տարածում է Վրաստանի վարչապետի մամուլի ծառայությունը: