Բարդ օդերևութաբանական պայմանների պատճառով ավտոճանապարհներին գործում են երթևեկության հատուկ ռեժիմներ
Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհների դեպարտամենտից հայտնում են, որ օդերևութաբանական բարդ պայմանների պատճառով ինտենսիվ մաքրման աշխատանքներ են իրականացվում՝ ճանապարհներին երթևեկության հետաձգումներից խուսափելու համար։ Բոլոր ուղղություններով մոբիլիզացված է ձյուն մաքրող տեխնիկա, ավտոճանապարհներին անընդհատ տեխնիկական աղ է թափվում, որպեսզի հնարավորինս սեղմ ժամկետներում վերականգնվի երթևեկությունը։
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում ձնահոսքի վտանգը վերացվել է, մաքրման աշխատանքները վերսկսվել են։ Հիշեցնենք, որ մարտի 3-ից Գուդաուրի-Կոբի հատվածում ձնահյուսի վտանգի բարձր մակարդակի պատճառով արգելվել է բոլոր տեսակի երթևեկությունը»,- ասված է Ճանապարհների դեպարտամենտից։
Գործակալության տվյալներով՝ շարժման հատուկ ռեժիմներ են գործում նաև հետևյալ ճանապարհներին.
Առատ ձյան և ձնախառն անձրևի պատճառով Թբիլիսի-Սենակի-Լեսելիձե ճանապարհի կմ138-կմ158 (Չումաթելեթի-Խունևի) հատվածում արգելվում է կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտի տեղաշարժը, իսկ այլ տեսակի տրանսպորտային միջոցների տեղաշարժն ազատ է։
Առատ ձյան, ցածր ջերմաստիճանի և վատ տեսանելիության պատճառով Գոմի-Սաչխերե-Ճիաթուրա-Զեստափոնի կմ 146-կմ 106 հատվածում արգելվում է կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտի տեղաշարժը, իսկ այլ տեսակի տրանսպորտային միջոցների տեղաշարժն ազատ է։
Բարդ օդերևութաբանական պայմանների պատճառով (բուք, սահմանափակ տեսանելիություն) Կոդա-Փարցխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա կմ94-կմ110 հատվածում (Փարավանի լեռնանցք) արգելվում է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը։ Ճանապարհի մնացած հատվածը տրանսպորտային միջոցների համար ազատ է։
Ձյան պատճառով Քութայիսի-Տղիբուլի-Ամբրոլաուրի կմ39-կմ62 ճանապարհին (Նաքերալայի լեռնանցք) արգելված է կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտի տեղաշարժը, իսկ այլ տեսակի տրանսպորտային միջոցների տեղաշարժն ազատ է։
Մերկասառույցի պատճառով Զուգդիդի-Ջվարի-Մեստիա-Լասդիլի կմ70-կմ186 (Խաիշի-Ուշգուլի) ճանապարհով արգելվում է կցովի և կիսակցովի և 30 նստատեղից ավելի տարողությամբ ավտոբուսների տեղաշարժը: կմ138-կմ186 (Մեստիա-Ուշգուլի) հատվածում մարդատար ավտոմեքենաների երթևեկությունը թույլատրվում է հակասայթակող շղթաներով։
Ձյան պատճառով Սաչխերե-Օնի ճանապարհահատվածում արգելված է կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտի տեղաշարժը, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների տեղաշարժն ազատ է։
Ճանապարհների վարչությունը հորդորում է բնակչությանը ձմեռային շրջանին երթևեկել համապատասխան անվադողերով, պատշաճ տրանսպորտով և ենթարկվել ավտոճանապարհներին սահմանված ռեժիմներին։