Բարաք Օբաման հերքում է Դոնալդ Թրամփի մեղադրանքները 2016 թվականի ընտրություններին միջամտելու մասին
ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման հերքել է նախագահ Դոնալդ Թրամփի մեղադրանքները 2016 թվականի ընտրություններին միջամտելու մասին։
Օբամայի գրասենյակը հայտարարում է, որ հրապարակված փաստաթղթերը չեն հերքում լայնորեն ընդունված այն եզրակացությունը, որ Ռուսաստանը միջամտել է 2016 թվականի նախագահական ընտրություններին։
«Նախագահի գրասենյակի նկատմամբ հարգանքից ելնելով՝ մեր գրասենյակը սովորաբար չի արձագանքում Սպիտակ տնից եկող անընդհատ անհեթեթություններին և ապատեղեկատվությանը, բայց այս հայտարարությունները չափազանց ցասումնալից են մեր քննարկման համար։ Այս տարօրինակ մեղադրանքները ծիծաղելի և թույլ փորձ են ուշադրությունը շեղելու համար։ Անցյալ շաբաթ հրապարակված փաստաթղթում ոչինչ չի հերքում լայնորեն ընդունված այն եզրակացությունը, որ Ռուսաստանը աշխատել է ազդել 2016 թվականի նախագահական ընտրությունների վրա, բայց չի հաջողվել մանիպուլյացիաներ կատարել քվեարկության ժամանակ», – ասել է Օբամայի խոսնակ Պատրիկ Ռոդենբուշը։
Ռոդենբուշը բացատրել է, որ այս եզրակացությունները հաստատվել են նաև երկկուսակցական Սենատի հետախուզության հանձնաժողովի 2020 թվականի զեկույցում, որը գլխավորում էր այն ժամանակվա նախագահ և այժմ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
Տեղեկության համար, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է նախկին նախագահ Բարաք Օբամային և նրա թիմին՝ կապված 2016 թվականի ընտրությունների հետ։ Դոնալդ Թրամփը մեղադրել է Բարաք Օբամային 2016 թվականի ընտրությունները գողանալու փորձի մեջ։
ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Թուլսի Գաբարդը կոչ է անում հետաքննություն սկսել Բարաք Օբամայի և ԱՄՆ ազգային անվտանգության նախկին բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ։ Գաբարդը նրանց մեղադրում է դավադրության մեջ, որը, նրա խոսքով, նպատակ ուներ ցույց տալ, որ Դոնալդ Թրամփի հաղթանակը 2016 թվականի նախագահական ընտրություններում Ռուսաստանի միջամտության արդյունք էր։
Գաբարդի խոսքով՝ Օբաման և նրա վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաները հիմք դրեցին Թրամփի դեմ բազմամյա հեղաշրջմանը։