«Բրեքսիթ»-ի բանակցություններում ունենք բավական առաջընթաց. Ժան-Կլոդ Յունկեր
«Բրեքսիթ»-ի բանակցություններում ունենք բավական առաջընթաց. Ժան-Կլոդ Յունկեր

Ամիսներ շարունակված հանդիպումներից ու քննարկումներից հետո՝ այսօր, Եվրամիությունն ու Մեծ Բրիտանիան հայտարարեցին, թե էական առաջընթաց են արձանագրել «Բրեքսիթ»-ի շուրջ բանակցություններում: «Առաջին փուլն ավարտված է», – հայտարարեց Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հետ դեռ երեկվանից սկսած հանդիպումից հետո:

«Կարծում եմ, որ մենք արձանագրեցինք այն բեկումը, որի կարիքն ունեինք: Սա փոխադարձ զիջումների արդյունք է, որին մենք հասանք երկարատև և ինտենսիվ քննարկումներից հետո: Եվ ինչպես ցանկացած այլ բանակցություններում, այստեղ էլ կողմերը պարտավոր էին լսել միմյանց, ըստ այդմ հարմարեցնել իրենց դիրքորոշումները և փոխզիջման գնալու ցանկություն ցույց տալ: Սրանք դժվարին բանակցությունների էին թե՛ Եվրամիության, թե՛ Միացյալ Թագավորության համար», – ասաց Յունկերը:

Կողմերի միջև այսօր ստորագրված 15-էջանոց փաստաթղթում նշվում է նաև, որ «Բրեքսիթ»-ից հետո Եվրամիության միլիոնավոր քաղաքացիները Մեծ Բրիտանիայում կշարունակեն ապրել այնպես, ինչպես նախկինում, և որ նրանց իրավունքները կերաշխավորվեն բրիտանական օրենսդրությամբ: