«Ազովի» հրամանատարի կինը պնդում է, որ իր ամուսնուն տեղափոխել են Ռուսաստան, թեպետ պետական կառույցներն ու «Կարմիր խաչը» չեն հաստատել այս տեղեկությունը
«Ազովի» լեգեոնի հրամանատարի կինը պնդում է, որ իր ամուսնուն տեղափոխել են Ռուսաստան. Այս մասին ուկրաինական լրատվամիջոցներին հայտարարություն է արել Դենիս Պրոկոպենկոյի կինը։
Նրա խոսքով՝ ամուսնու՝ Ռուսաստան տեղափոխվելու մասին ինքն իմացել է ռուսական լրատվամիջոցներից, սակայն պետական կառույցներն ու «Կարմիր խաչը» չեն հաստատել այս տեղեկությունը։
«Ես միայն գիտեմ, որ Դենիսին տարել են Ռուսաստան, և դա նույնպես չի հաստատվել։ Ես հասկանում եմ, որ Ռուսաստանը թաքցրել է «Ազովի» հրամանատարներին, թաքցնում է նաև սպաներին, մենք սպասում ենք իրադարձությունների զարգացմանը, բայց «Կարմիր խաչի» գործն է ինձ պատասխաններ տալ։ Մինչ այժմ ես հստակ չգիտեմ, թե որտեղ է ամուսինս»,- ասել է Եկատերինա Պրոկոպենկոն։
Նույն հարցազրույցում «Ազովի» լեգեոնի հրամանատարի կինը դժգոհություն է հայտնում, որ Ելենովկայում «Կարմիր խաչի» ներկայացուցիչները ներկա չեն եղել, և հետևաբար՝ հնարավոր չի եղել ճշտել զոհված մարտիկների ինքնությունը։