«Ազգային շարժման» պատգամավորները բոյկոտում են Աջարիայի Գերագույն խորհրդի նիստերը
«Ազգային շարժումից» Աջարիայի Գերագույն խորհրդի վեց պատգամավորներ կանցնեն բոյկոտի ռեժիմի և չեն մասնակցի նիստերին։
Ընդդիմության ներկայացուցիչներն այսօր ճեպազրույց են անցկացրել և նշել, որ քանի դեռ Միխեիլ Սաակաշվիլիի կյանքին վտանգ է սպառնում, իրենք չեն պատրաստվում նստել կառավարության կողքին, և գործընթացները կտեղափոխվեն փողոց։
«Ամեն օր մենք դիտում ենք մահապատժի քրոնիկոնը, երբ կառավարությունը ռուս օլիգարխ Բիձինա Իվանիշվիլիի հրահանգով խոշտանգում է Միխեիլ Սաակաշվիլիին։ Մինչ իշխանությունները պետք է զբաղված լինեն եվրաինտեգրման նպատակներին հասնելու կոնկրետ բարեփոխումների իրականացմամբ, նրանք նպատակաուղղված վրեժխնդիր ու քաղաքական հաշվեհարդար են իրականացնում՝ Եվրոպայի դուռը մեր առաջ փակելու համար։ Ավելին, իշխանության ներկայացուցիչները բացահայտ հայտարարում են, որ իրենց ձեռնտու չէ թեկնածուի կարգավիճակ ստանալը։ Միաժամանակ արագ տեմպերով է տեղի ունենում ավտոկրատական կառավարման ամրապնդումն ու դռների բացումը դեպի Ռուսաստան։ Այդ իսկ պատճառով, կարծում ենք, անընդունելի է նման կառավարության կողքին նստելը, մի իշխանության, որն ամեն օր զբաղված է պետության դեմ գործունեությամբ և երկրի երրորդ նախագահի մահապատժով։ Միխեիլ Սաակաշվիլիին անհրաժեշտ է գոյատևել և պահպանել առողջությունը։ Այդ իսկ պատճառով մենք չենք պատրաստվում մահապատիժը դիտել մեր գրասենյակներից և պայքարելու ենք նրան ռուսական գերությունից ազատելու համար»,- ասել է Աջարիայի Գերագույն խորհրդի պատգամավոր Էլգուջա Բագրատիոնին։
Աջարիայի Գերագույն խորհուրդն այսօր քննարկում է հաջորդ տարվա բյուջեն։