Ազգային բանկը 2023 թվականի համար տնտեսական աճի կանխատեսումը 4 տոկոսից կհասցնի 4,5 տոկոսի
Վրաստանի Ազգային բանկի նախագահի պաշտոնակատար Արչիլ Մեստվիրիշվիլիի խոսքով՝ Ազգային բանկը ընթացիկ տարվա համար տնտեսական աճի կանխատեսումը կավելացնի մինչև 4,5 տոկոս։
Ինչպես լրագրողներին ասել է Մեստվիրիշվիլին, մայիսի 10-ին կլինի դրամավարկային քաղաքականության նոր զեկույց, կվերանայվեն կանխատեսումները, այդ թվում՝ տնտեսական աճը։
«Հիմա ուղիղ կարող եմ ասել, որ այն կկազմի 4,5 տոկոս։ Տնտեսական աճի կանխատեսումն այս տարի եղել է 4 տոկոս, սակայն մենք այն հասցնում ենք 4,5 տոկոսի»,- ասել է Արչիլ Մեստվիրիշվիլին։
Հարցին, թե ինչն է հանգեցրել Վրաստանի տնտեսության 7,2 տոկոս աճին 2023 թվականի առաջին եռամսյակում, և արդյոք միգրանտների գործոնն ազդում է տնտեսական աճի վրա, Մեստվիրիշվիլին բացատրել է, որ Կենտրոնական բանկը միգրանտներից փողերի ներհոսքը դիտարկում է որպես ժամանակավոր գործոն, իսկ ֆինանսական հատվածը և երկրի տնտեսությունը պետք է պատրաստ լինի:
«Միգրանտների ազդեցությունը կարող է երկարաձգվել։ Որոշ ժամանակ անց մենք գիտենք, որ այդ ներհոսքերը կդադարեն, և այն ավելորդ իրացվելիությունը, որ հիմա ունենք, կարող է դուրս հոսել։ Հետևաբար, որպեսզի տնտեսությունը և ֆինանսական հատվածը պատրաստ լինեն դրան, մենք այդ գումարը դիտում ենք որպես միանվագ ներհոսք»,- ասել է Մեստվիրիշվիլին։