Այսպես կոչված քրեական հեղինակություն Կախաբեր Շուշանաշվիլիին Ֆրանսիայի դատարանը դատապարտել է ցմահ ազատազրկման
Ֆրանսիայում, վրաց այսպես կոչված քրեական հեղինակություն Կախաբեր Շուշանաշվիլիին դատապարտել են ցմահ բանտարկության: Ինչպես գրում է ֆրանսիական մամուլը, դատարանը նրան մեղավոր է ճանաչել մրցակից կլանի ներկայացուցիչ՝ Վլադիմիր Ջանաշիայի սպանությունը կազմակերպելու մեջ:
Ֆրանսիական մամուլի լրատվությամբ, Շուշանաշվիլին Ջանաշիայի սպանությունը կարգադրել է 2010 թվականին Իսպանիայից: Նրա վրա հարձակումը տեղի է ունեցել Նիցցայում 2010 թվականի փետրվարի 14-ին, երբ երեք տղամարդ փորձել է ներխուժել նրա բնակարան: Նրանք գնդակոծել են Ջանաշիայի բնակարանը, սակայն Ջանաշիային և նրա հետ գտնվող անձանց հաջողվել է փախչել պատշգամբից: Դեպքից մեկ ամիս անց Ջանաշիան սպանվել է Մարսելում: Այս գործով ցմահ դատապարտվել է նաև Դավիթ Մազանաշվիլին:
Ջանաշիայի սպանության գործով դատել են ևս երեք վրացու: Նրանցից մեկին ՝ Զուրաբ Նադիրաշվիլիին մեղավոր են ճանաչել միայն կեղծ փաստաթղթեր օգտագործելու մեջ: Միխեիլ Ծուլուկիձեն և Մինդիա Կոզանաևը դատապարտվել են համապատասխանաբար յոթ և վեց տարով ազատազրկման: