Այսօր Թուրքիայում տեղի են ունենում մունիցիպալ ընտրություններ։
Երկրում բացվել է 200 հազար ընտրատեղամաս։ Ավելի քան 61 միլիոն գրանցված ընտրողներ հինգ տարի ժամկետով կընտրեն քաղաքների քաղաքապետերին, տարածաշրջանային և շրջանային ղեկավարներին։
Ընտրություններին մասնակցում է 34 քաղաքական կուսակցություն։
Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ, գլխավոր պայքարը տեղի է ունենալու Ստամբուլի համար, որի քաղաքապետը ներկայումս ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության առաջնորդն է՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր մրցակից Էքրեմ Իմամօղլուն։ Նախագահ Էրդողանի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից Շրջակա միջավայրի պահպանության նախկին նախարար Մուրադ Քուրումին հավակնում է Ստամբուլի քաղաքապետի պաշտոնին։
Ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցությունը կփորձի այս մունիցիպալ ընտրություններում պահպանել վերահսկողությունը խոշոր քաղաքների վրա, այդ թվում՝ Ստամբուլի, Անկարայի և Անթալիայի, որտեղ ընդդիմությունը հաղթեց 2019 թվականի ընտրություններում։
Նշենք, որ նախագահական ընտրություններում պարտությունից հետո փլուզվեց ընդդիմադիր դաշինքը, որը մեծապես ապահովեց Իմամօղլուի հաղթանակը 2019 թվականին Ստամբուլում։ Այս անգամ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում սեփական թեկնածուներ են ներկայացրել ընդդիմադիր կուսակցությունները, այդ թվում՝ քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը», որը Ստամբուլում մեծ ընտրազանգված ունի։
Ընտրությունների օրը Թուրքիայում արգելված է բոլոր տեսակի ալկոհոլի վաճառքն ու օգտագործումը։ Քվեարկության ընթացքում փակ են ժամանցի վայրերը։