Այսօր ԿԸՀ նիստում «Ազգային շարժման» ներկայացրած բողոքները ճանաչվեցին անհիմն
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը 12 կողմ, 4 դեմ ձայների հարաբերակցությամբ անհիմն է ճանաչել «Միացյալ ազգային շարժման» կողմից ներկայացված բողոքները։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) այսօր քննարկել է «Միացյալ ազգային շարժման» 11 բողոք։
Կուսակցությունը պահանջել է չեղյալ համարել բոլոր այն ընտրատարածքների ամփոփիչ արձանագրությունները, որտեղ քաղաքապետ են ընտրվել ընտրությունների երկրորդ փուլում։ Նիստին ներկա են եղել «Միացյալ ազգային շարժման» քաղաքապետի թեկնածուները, սակայն բողոքներ ներկայացնելուց հետո նրանք ի նշան բողոքի լքել են նիստը և այլևս չեն մասնակցել նիստին։ Նրանք ասացին, որ ակնկալիք չունեն, որ ԿԸՀ-ն կբավարարի իրենց բողոքները։
Քվեարկության գործընթացից հետո նիստը լքելու որոշում են կայացրել հանձնաժողովում ընդդիմադիր քվոտայով ընտրված անդամները։ Նրանց բողոքը հաջորդել է ընդդիմության ներկայացրած բողոքների չբավարարմանը։ Ընդդիմության քվոտայով առաջադրված ԿԸՀ փոխնախագահ Գիորգի Սիորիձեն լքել է նիստը։ Նիստը լքել են նաեւ «Միացյալ ազգային շարժման», «Ռազմավարությունը՝ շինարար» եւ «Եվրոպական Վրաստանի» կողմից առաջադրված անդամները։
«Ես արդեն նշել եմ իմ մտահոգությունները, թե ինչպես ենք մենք անցկացրել ընտրությունները։ Կարծում եմ՝ սա կրիտիկական իրավիճակ է, որը համարժեք գործողությունների կարիք ունի, և այս դեպքում համարժեք եմ համարում նիստը լքելը։ Այս ընտրությունները որոշ հարցերում լեգիտիմության խնդիր ունեն»,- ասել է Սիորիձեն։
ԿԸՀ նախագահ Գիորգի Կալանդարիշվիլին արձագանքել է Սիորիձեի նիստը լքելուն ու նշել, որ նրա տեղակալի կողմից «նիստը լքելը սխալ է»։
Նիստին զուգահեռ այսօր ԿԸՀ շենքի դիմաց տեղի ունեցավ ընդդիմության կողմնակիցների հանրահավաքը։