Այսօր Հռոմում կկայանա ԱՄՆ-ի և Իրանի միջև անուղղակի բանակցությունների երկրորդ փուլը
Այսօր Հռոմում Օմանի միջնորդությամբ կկայանա Միացյալ Նահանգների և Իրանի միջև անուղղակի բանակցությունների երկրորդ փուլը։ Իրանի պատվիրակությունն արդեն Իտալիայի մայրաքաղաքում է։
Թեհրանը հայտարարում է, որ պատրաստ է զիջումների գնալ, բայց չի պատրաստվում ամբողջությամբ հրաժարվել ուրանի հարստացումից, ինչպես պահանջում է Վաշինգտոնը։
Այնուամենայնիվ, Իրանը ցանկանում է որոշակի երաշխիքներ ստանալ, որ Վաշինգտոնը ապագայում միակողմանիորեն չի չեղարկի հնարավոր համաձայնագիրը։
Երկրորդ փուլից մեկ օր առաջ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Մոսկվայում էր, որտեղ հանդիպեց իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ։ Հանդիպումից հետո Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է նպաստել Վաշինգտոնի և Թեհրանի միջև համաձայնագրի կնքմանը՝ պայմանով, որ հաշվի առնվեն Իրանի օրինական շահերը։
Երեկ Իրանի մասին խոսելով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերահաստատեց իր դիրքորոշումը, որ Իրանը չպետք է միջուկային զենք ունենա։
Իրանի և Միացյալ Նահանգների միջև անուղղակի բանակցությունների առաջին փուլը տեղի է ունեցել Մասկատում ապրիլի 12-ին։ Վաշինգտոնը հանդիպումը գնահատել է որպես դրական և կառուցողական, մինչդեռ Թեհրանը ընդգծել է բարեկամական մթնոլորտը և փոխադարձ հարգանքը։