Այս տարվա հուլիսի 4-ից մինչև 2023 թվականի հուլիսի 4-ը կարգելվի Վրաստանից ցորենի և գարու արտահանումը
Այս տարվա հուլիսի 4-ից մինչև 2023 թվականի հուլիսի 4-ը կարգելվի Վրաստանից ցորենի և գարու արտահանումը

Հաշվի առնելով տարածաշրջանում տիրող իրավիճակը՝ պարենային անվտանգության ապահովման համար կարևոր է տեղական արտադրության ցորենն ու գարին վաճառել միայն ներքին շուկայում,- ասաց շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարար Օթար Շամուգիան։

Նախարարի խոսքով, չնայած այն հանգամանքին, որ Վրաստանը լիովին կախված է ցորենի ներմուծումից (տարեկան 500 հազար տոննա) և փոքր արտադրության պատճառով չի կարող արտահանել, ներկա իրավիճակը վտանգ է ներկայացնում, որ որոշակի քանակությամբ ցորեն արտահանվի երկրից։

Նրա խոսքով, ինչ վերաբերում է գարուն, ապա վրացական գարին արտահանվում է Իրաք և Իրան։ Անասնաբուծության, թռչնաբուծության և խոզաբուծության ոլորտում պարենային ռեսուրս գարին կարևոր է, որ այս փուլում վաճառվի միայն տեղական շուկայում։ Այս տարի գարու կանխատեսվող բերքը 60 հազար տոննայի սահմաններում է։ Այսօրվա դրությամբ արդեն արտահանվել է ավելի քան 2,5 հազար տոննա։

«Հաշվի առնելով վերը նշվածը՝ կառավարությունը որոշել է այս տարվա հուլիսի 4-ից մինչև 2023 թվականի հուլիսի 4-ն արգելել Վրաստանից ցորենի և գարու արտահանումը։ Այս փուլում սահմանափակումները չեն վերաբերում եգիպտացորենի արտահանմանը։ Շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարարությունը մի շարք հանդիպումներ է ունեցել ցորեն և գարի արտադրողների հետ և լսել նրանց դիրքորոշումները։ Ըստ արտադրողների՝ տեղական շուկան, ելնելով առկա պահանջարկից, ամբողջությամբ կկլանի երկրում արտադրվող բերքը»,- ասաց Օթար Շամուգիան։

Տեղեկությունը տարածում է Վրաստանի գյուղատնտեսության նախարարությունը։