Axios - ԱՄՆ-ն Ուկրաինային անվտանգության երաշխիքներ է առաջարկում՝ հիմնվելով ՆԱՏՕ-ի 5-րդ հոդվածի վրա՝ Դոնբասի հանձնման դիմաց
Axios - ԱՄՆ-ն Ուկրաինային անվտանգության երաշխիքներ է առաջարկում՝ հիմնվելով ՆԱՏՕ-ի 5-րդ հոդվածի վրա՝ Դոնբասի հանձնման դիմաց

ԱՄՆ-ը Ուկրաինային առաջարկում է անվտանգության երաշխիքներ՝ հիմնված ՆԱՏՕ-ի Հինգերորդ հոդվածի վրա՝ Դոնբասի որոշ հատվածների զիջման դիմաց։ Այս մասին հայտնում է Axios-ը՝ վկայակոչելով Սպիտակ տան աղբյուրները։

Սպիտակ տան ներկայացուցիչը «Axios»-ի հետ զրույցում նշել է, որ առաջարկվում է կնքել երեք առանձին համաձայնագիր՝ խաղաղության, անվտանգության երաշխիքների և վերականգնման վերաբերյալ։

«Երբ մարդիկ տեսնում են, թե ինչ են ստանում, ոչ միայն թե ինչ են զիջում, ավելի հակված են առաջ շարժվել։ Ներկայիս առաջարկի համաձայն, պատերազմը կավարտվի այն պայմանով, որ Ուկրաինան կպահպանի իր ինքնիշխանությունը իր տարածքի 80 տոկոսի վրա, կստանա անվտանգության ամենամեծ և ամենաուժեղ երաշխիքները, որոնք երբևէ տրվել են, ինչպես նաև միջոցառումների շատ կարևոր փաթեթ՝ բարեկեցությունն ապահովելու համար», – ասել է Սպիտակ տան անանուն ներկայացուցիչը։

Պարբերականի համաձայն՝ ԱՄՆ-ում դրական քայլ են համարում նաև Վլադիմիր Զելենսկու հրապարակային հայտարարությունը՝ տարածքային հարցերի վերաբերյալ հանրաքվե անցկացնելու հնարավորության մասին։

Axios-ի զրույցակիցը հայտնել է, որ վերջին բանակցային փուլը և քննարկումները բավական առաջընթաց են գրանցել, ինչի արդյունքում Դոնալդ Թրամփը որոշել է Սթիվ Ուիթքոֆին և Ջարեդ Քուշներին ուղարկել Եվրոպա՝ բանակցությունների նպատակով։

«Նրանք կարծում են, որ խաղաղության հնարավորություն կա, և նախագահը վստահում է նրանց», – ասել է Սպիտակ տան ներկայացուցիչը։

Բացի այդ, Սպիտակ տան մեկ այլ աղբյուրը նշել է, որ Թրամփի վարչակազմը պատրաստ է Ուկրաինային տրամադրել անվտանգության երաշխիքներ՝ հիմնված ՆԱՏՕ-ի Հինգերորդ հոդվածի վրա, որոնք կհաստատի Կոնգրեսը և որոնք կունենան իրավական պարտադիր ուժ։

«Մենք ցանկանում ենք ապահովել այնպիսի անվտանգության երաշխիքներ, որոնք, մի կողմից, չեն լինի դատարկ խոստումներ, և մյուս կողմից՝ կլինեն բավականաչափ հզոր։ Մենք պատրաստ ենք ուղարկել այս առաջարկը Կոնգրես՝ քվեարկության համար», – հայտարարել է ԱՄՆ ներկայացուցիչը։