Հենզել Մկոյան. Ախալքալաքում տեղի ունեցած միջադեպը «Ազգային շարժման» և Գրիգոլ Վաշաձեի շտաբի անդամների կողմից կազմակերպված և կառավարվող սադրանք էր
Նինոծմինդայի և Ախալքալաքի մեծամասնական պատգամավոր Հենզել Մկոյանը հայտարարություն է տարածում Ախալքալաքի մունիցիպալիտետում զարգացած իրադարձությունների վերաբերյալ:
Խորհրդարանի անդամի խոսքով, միջադեպը, որը տեղի է ունեցել Ախալքալաքում հոկտեմբերի 29-ին, ուշ գիշեր, «Ազգային շարժման» և Գրիգոլ Վաշաձեի շտաբի անդամների կողմից կազմակերպված և կառավարվող սադրանք էր:
Ինչպես ասում է Մկոյանը, նշված փաստը հաստատող տեսանյութում, որը տարածվում է համացանցում, մանրամասն երևում է, ինչպես են Վաշաձեի շտաբի անդամները հարձակվում Մկոյանի ընտանիքին պատկանող բենզալցակայանում աշխատող անձանց վրա, նախագահի թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլուն աջակցելու դեպքում, նրանց սպառնում ֆիզիկական հաշվեհարդարով և վնասում Զուրաբիշվիլու քարոզչական նյութերը:
«Սա ինքնաբուխ հարձակում չէր միայն մեկ օբյեկտի վրա: Նույն ավտոմեքենայով տեղաշարժվող անձինք նման հարձակում են իրագործել նաև այլ բենզալցակայանների վրա: Իսկ այսօր, հոկտեմբերի 30-ին, այն բանից հետո, երբ իմ կողմնակիցները հարձակվողներից պահանջել են բացատրություն, մեկնաբանություն, ի պատասխան կրկին ստացել են սպառնալիք և վիրավորանք, որը վերաճել է ֆիզիկական առճակատման»,- հայտարարում է խորհրդարանի անդամ Հենզել Մկոյանը: