Ախալքալաքի մունիցիպալիտետում բացվել են երեք նոր վերանորոգված հանրային դպրոցներ
Ախալքալաքի մունիցիպալիտետում երեք հանրային դպրոցում ավարտվել է ամբողջական վերանորոգում։ Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գիվի Միկանաձեն անձամբ այցելել է Ալաստան, Կոթելիա և Դադեշ գյուղերի վերանորոգված դպրոցներ՝ ծանոթանալու թարմացված կրթական ենթակառուցվածքներին։ Այս մասին հաղորդում է Կրթության նախարարությունը։
Նրանց տեղեկացմամբ՝ Գիվի Միկանաձեն հանդիպել է դպրոցի աշակերտների, ուսուցիչների և աշխատակիցների հետ ու շնորհավորել նրանց ժամանակակից չափանիշներին համապատասխան կրթական միջավայրում ուսումը շարունակելու կապակցությամբ։
Նախարարի հետ միասին վերանորոգված դպրոցները շրջել են Սամցխե-Ջավախքի նահանգապետի տեղակալ Սերգի Մուշկուդյանը, Ախալքալաք-Նինոծմինդայի շրջանների պատգամավոր Սամվել Մանուկյանը, Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը և քաղաքապետարանի խորհրդի նախագահ Ռուբեն Պալիանը։
Ինֆրակառուցվածքային աշխատանքների արդյունքում երեք դպրոցներում, բացի դասասենյակներից, կառուցվել են բնագիտական և համակարգչային լաբորատորիաներ, հանդիսությունների սրահ, սպորտային ենթակառուցվածքներ, հանգստի գոտիներ։ Գործում են նաև ռեսուրս սենյակ, բժշկի կաբինետ, ճաշարան և գրադարան։
Դպրոցներն ապահովված են անվտանգության համակարգերով և լիովին հարմարեցված են սահմանափակ հնարավորություններով անձանց համար․ տեղադրվել են վերելակներ, թեքահարթակներ և հարմարեցված սանհանգույցներ։
Վերանորոգման աշխատանքները իրականացվել են Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարության ֆինանսական աջակցությամբ։ Նախագծերի ընդհանուր արժեքը գերազանցել է 10 միլիոն լարին։